Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հրաժարվում է քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների դիմումը։
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Մեղադրանքի կողմը պաշտպանող դատախազները դատարան չէին ներկայացել, բայց գրավոր տեղեկացրել է, որ ՍԴ-ի կողմից 300․1 հոդվածի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որշման հրապարակումից հետո, մինչև ապրիլի 6-ը ժամանակ է խնդրում դատարանից նոր, ծավալուն միջնորդություն պատրաստելու համար։ Ընդ որում, այսօր մեղադրանքը պաշտպանող 6 դատախազներից ոչ մեկը չի ներկայացել նիստին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դեռևս նախորդ շաբաթ՝ մարտի 27-ին պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել 300․1 հոդվածով քրեական հետապնդումը, կարճել այդ մասով քրեական գործի վարույթը, փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և մեղադրող կողմին պարտադրել գրավոր ներողություն խնդրել նրանից։
«Այդ օրվանից Քրեական օրենսգրքում գոյություն չունի 300.1 հոդված։ Շաբաթ օրը՝ որոշման հաջորդ օրը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ իմ ստորագրությամբ դատարանի էլեկտրոնային փոստին ուղարկել ենք միջնորդություն, որպեսզի Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածի մասով պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, գործը կարճվի, խափանման միջոցը փոփոխվի, ինչպես նաև դատարանը պարտավորեցնի քրեական վարույթն իրականացնող մարմիններին գրավոր ներողություն հայցեն պարոն Քոչարյանից»,-ասաց Ալումյանը։
«Քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը գոյություն չունի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք թույլ տալիս։ Դուք մտադրվա՞ծ եք շարունակել հետապնդումը մի հոդվածով, որն ուրբաթ օրվանից գոյություն չունի», - ասաց Ալումյանը։
Իր հերթին պաշտպաններ Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը ընդգծեցին, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դատարանը կարող է կայացնել նույնիսկ առանց նիստ հրավիրելու՝ խորհրդակցական սենյակում, և կարող էր դա անել հենց մարտի 26-ին կամ հաջորդ օրը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշել է հակասահմանդրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։
Հաշվի առնելով, որ մեղադրող դատախազներից ոչ մեկ չի ներկայացել այսօր, դատարանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը, ժամը 13։00։