Կարծում եմ՝ դատարանն այսօր իր խոսքը պետք է ասի ու հանցակազմի բացակայության պատճառով պետք է կարճի գործը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով Մարտի մեկի գործով մեղադրյալների թվում է։
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ որոշում է, ՍԴ-ն իր որոշումով ևս մեկ անգամ փաստում է, որ 300.1 հոդվածով քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ», - նշել է Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Մարտի մեկին առնչվող տեսանյութերով հստակ երևում է՝ ով է բախումներ հրահրում, ում հոգին էր փառավորվում, երբ ոստիկանների ձեռքից պարագաներ էին վերցնում։
«Ես կարծում եմ, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են մեղավորները սպանությունների», - նշել է Օհանյանը։
Նա ասել է, թե Նիկոլ Փաշինյանն այս գորոծվ դատապարտվել է ու այդ դատապարտման հոդվածը մինչ օրս չի հերքվել։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ՍԴ որոշումը երեկվանից մտել է ուժի մեջ։