կարևոր
2283 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 13:07

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Բայդենը ուղղում է պատմական սխալը․ Jerusalem Post

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Բայդենը ուղղում է պատմական սխալը․ Jerusalem Post

Միացյալ Նահանգները միայն 2019 թվականին ընդունեց հայկական ջարդերը ճանաչող բանաձև, սակայն այս անգամ դա պետք է անի ԱՄՆ նախագահը: Արդյոք վերջապես միտումները փոխվո՞ւմ են: Գրում է  Jerusalem Post-ը

Պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ, «Social Lite Creative»-ի գլխավոր գործադիր տնօրեն, Թել Ավիվի ինստիտուտի վերլուծաբան Էմիլի Շրեդերը հայտնում է, որ «Բայդենի վարչակազմը, ըստ հաղորդումների, կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգների կողմից պատմական և երկար սպասված որոշմամբ»:

Չնայած ճնշող ապացույցներին և ականատեսների վկայություններին ՝ Ցեղասպանության ճանաչման շուրջ տարաձայնություններ են առաջացել ՝ կապված ջարդերի համար պատասխանատվությունը Թուրքիայի կողմից ընդունելուց կտրականապես հրաժարվելու հետ:
Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՝ Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով: 

«Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել և սպառնացել ազգերին, եթե նրանք նույնիսկ մտածում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - գրում է Շրեդերը:

Միացյալ Նահանգների դեպքում, Հայոց ցեղասպանության ճանաչումը տասնամյակների ընթացքում բազմիցս է հնչել, սակայն միայն 2019-ին եղել է պաշտոնական ճանաչում: Քառասուն տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը օգտագործեց «ցեղասպանություն» բառը` իրադարձությունը նշելու համար, առաջընթացի լուրջ քայլ էր: Սակայն թուրքական աղմուկից հետո ԱՄՆ Կոնգրեսը բազմիցս չկարողացավ ճանաչել այն: Նույն կերպ ԱՄՆ-ի ձախ և աջ նախագահները խուսափել են օգտագործել «ցեղասպանություն» արտահայտությունը, որպեսզի չհակառակվեն Թուրքիային:

2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որին հաջորդեց միաձայն որոշում ԱՄՆ Սենատում: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ շատ նախագահներ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչ այժմ ոչ ոք չի կատարել իր խոստումը:

Այս ամիս Սպիտակ տան աղբյուրները հայտարարեցին, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը` քայլ, որը կուղղի պատմական սխալը:

Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանությունը պարզապես սարսափելի իրադարձություն չէր: Դա, անկասկած, ամենասարսափելի կազմակերպված ցեղասպանությունն էր, որը երբևէ տեսել է աշխարհը (այն ժամանակ), և ոչ թե պատերազմի համատեքստում, այլ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին»,-գրում է հրեա վերլուծաբանը:

«Եթե աշխարհի գերտերություններից նույնիսկ մի քանիսը ճանաչեին Հայոց ցեղասպանությունը առաջին իսկ օրվանից, ապա մենք այսօր կապրեինք այլ իրականության մեջ, որտեղ փոքր ժողովուրդները չէին վախենա խոստովանել ակնհայտ պատմական փաստը։

Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն Միացյալ Նահանգների անունից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի Հայաստանի ժողովրդին, այլ նաև ուղերձ կհաղորդի աշխարհին: Եկել է ճանաչման ժամանակը»,-ամփոփում է հոդվածագիրը։