Սույն թվականի մարտի 11-ին զանգվածային լրատվության մի շարք միջոցներով հրապարակվել էր Բորիս Ավագյանի տրամադրած տեղեկությունն այն մասին, որ կազմակերպությունը ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում ձեռք է բերել և թուրքական հատուկ ծառայություններին փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի Հանրապետության պաշտպանական ականապատված տարածքները։
Դատախազության կողմից հիշյալ հրապարակումը ուղարկվել էր ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
Հիշյալ հրապարակմամբ ներկայացված տեղեկությունների ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները լիարժեք հետազոտելու և լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար սույն թվականի մարտի 23-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը) և 316-րդ հոդվածով (Լրտեսությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Հիշյալ քրեական գործը դատախազության կողմից փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտնել էր, որ հավաստի աղբյուրներից իրեն հայտնի է դարձել, որ «The Halo Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։
Ընկերությունից, սակայն, հերքել էին այդ տեղեկությունը՝ նշելով, որ թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել։