կարևոր
2202 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-29 23:31

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը չի վերաբերում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը չի վերաբերում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին

Սահմանադրական դատարանն այսօր նաև հրապարակել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» մարտի 26-ի ՍԴՈ-1586 որոշման վերաբերյալ դատավոր Երվանդ Խունդկարյանի Հատուկ կարծիքը:  Ինչպես նշված է փաստաթղթում «․․․ սույն հատուկ կարծիքը չի վերաբերում անհատական դիմումների մասով՝ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին ․․․»։ Ինչը նշանակում է, որ ՍԴ որոշման Եզրափակիչ մասի վերաբերյալ դատավորն առարկություններ չունի: 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը հաստատում է՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչվում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Փաստաբան Արամ Վարդևանյանի մեկնաբանմամբ՝ դատավոր Խունդկարյանը գտնում է, որ Դանիբեկյանը պետք է դիրքորոշում հայտներ Դատավոր Գրիգորյանի դիմումի վերաբերյալ, իսկ քանի որ ինքը չգիտի հայտնել է, թե՝ ոչ հետևաբար այդ մասով, եթե չէր հայտնել, պետք է կարճվեր։ Այս հանգամանքը լրիվ սպառվել էր Վճռաբեկ դատարանի որոշմամբ, որով բեկանվել էր Դանիելյան Արմենի որոշումը, և ուժի մեջ մնաց դատավոր Գրիգորյանի դիմումը Սահմանադրական դատարանին։

«Հավանական եմ համարում, որ Սահմանադրական դատարանում այդ որոշման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէր։ Մյուս հանգամանքը, վերաբերում է կալանավորման շրջանակներում վերջնական դատական ակտը ՍԴ ներկայացնելուն և դրա լույսի ներքո քննություն իրականացնելուն, որը առավելապես տեխնիկական հարց է։

Կրկին պետք է նշեմ, դատավոր Խունդկարյանը, ինչպես նաև ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆԻ մնացած 7 դատավորները ԵԶՐԱՓԱԿԻՉ մասի վերաբերյալ որևէ հատուկ կարծիք չունեն, ինչը թույլ է տալիս պնդել, որ այն ընդունվել է միաձայն»,- ամփոփում է փաստաբանը: