կարևոր
2537 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-29 20:35

ՍԴ-ն հրապարակել է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ որոշումը

ՍԴ-ն հրապարակել է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը  հակասահմանադրական ճանաչելու մասին որոշման ամբողջական տեքստը: Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 26 մարտի 2021 թվականի ՍԴՈ-1586 որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչվում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Որոշման տեքստը կարող եք կարդալ այս հղումով:

Գործի քննության առիթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2019 թվականի մայիսի 20-ին կայացրած՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման հիման վրա 2019 թվականի մայիսի 20-ին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի՝ 2019 թվականի մայիսի 29-ին և հունիսի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են: Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-61 աշխատակարգային որոշմամբ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն 3 ընդունել է քննության, միավորել այն 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի հետ և որոշել է հիշյալ գործերը քննել դատարանի նույն նիստում:

Մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը դատարանի հետևյալ կազմով՝ Ա. Դիլանյան (նախագահող), Հ. Թովմասյան, Ա. Թունյան, Ա. Խաչատրյան, Ե. Խունդկարյան, Է. Շաթիրյան, Ա. Պետրոսյան, Ա. Վաղարշյան:

 ՍԴ որոշել էր ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր:

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ու առաջաին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր դիմել ՍԴ՝ նշված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար: