Ազգային ժողովի իշխանական հերթական պատգամավորն է վայր դնում մանդատը եւ անցնում գործադիրում աշխատանքի։ Պատգամավորական գործունեությունը դադարեցնում է «Իմ քայլը» խմբակցության անդամ իրավաբաններից մեկը՝ Սուրեն Գրիգորյանը։ Նա նշանկվելու է արդարադատության փոխնախարար։
Մանդատը վայր դնելու մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Մեկ շաբաթ անց, եթե պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա հրաժարականը համարվում է ընդունված:
Նախնական տեղեկություններով Սուրեն Գրիգորյանին խորհրդարանում փոխարինելու է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանը։ Վերջինս առավել հայտնի արձավ, աղմկահարույց գրառումով, երբ իշխանության պատգամավորներին համեմատեց ուսապարկերի հետ։
Իմ քայլից Սոֆյա Հովսեփյանի դուրս գալու առիթով, այս տարվա հունվարի 9-ին հիմա արդեն պատգամավոր դարձող Ալեքսանյանը գրել էր հետեւյալը՝ «Եթե իր (Սոֆիա Հովսեփյանին ի նկատի ունենալով) հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ», ակնարկելով, որ «Իմ քայլի» պատգամավորներն ավելի քիչ քվե կստանային, քան Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։