Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով փետրվարի 1-ից ի վեր զոհվածների թիվը հասել է 459-ի: Մարտի 29-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել է Մյանմայի Քաղաքական բանտրակյալների օգնության ասոցիացիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ասոցիացիայի տվյալներով՝ փետվարի 1-ից ձերբակալվել է 2 559 քաղաքացի, իսկ 119-ի նկատմամբ տրվել է կալանագիր: Ավելի վաղ The Irrawaddy հրատարակությունը հայտնել է, որ մարտի 27-ին Մյանմայի տարբեր քաղաքներում բողոքները ցրելիս զոհվել է առնվազն 102 մարդ:
Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ բողոքների ամբողջ ժամանակամիջոցում զոհերի ընդհանուր թիվը հասել է 429-ի:
Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցչիները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: