Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:
Ըստ առողջապահության նախարարության՝ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը հնարավորություն է ստացել ձեռք բերել երկար սպասված պատվաստանյութը, երբ այսօր աշխարհում մի շարք երկրներ դեռևս պայքարում են այդ իրավունքի համար:
Նախարարությունը պարզաբանում է, որ ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում «AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության (03/25/2021) համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով:
Նշենք, որ «COVAX»-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստանյութերի բաժանման գլոբալ նախաձեռնություն է, որի նպատակն է պատվաստանյութ հասցնել աշխարհի ամենաաղքատ երկրներին: Գանան առաջին երկիրն է, որը «COVAX» նախաձեռնության միջոցով պատվաստանյութ է ստացել:
Ի դեպ, եվրոպական մի շարք երկրներ սառեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական հետևանքներ: Տարբեր երկրներում AstraZeneca-ով պատվաստված անձանց մոտ առանձին դեպքերում նկատվել են արյունահոսություն, տրոմբոցիտների քանակի պակաս և արյան մակարդում: