կարևոր
1652 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-28 17:37

Այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը Թուրքիայի դեսպանատունն է Հայաստանում․ Իշխան Սաղաթելյան

Այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը Թուրքիայի դեսպանատունն է Հայաստանում․ Իշխան  Սաղաթելյան

Վերջին 10 օրերի ընթացքում վարչապետի աթոռը զբաղեցրած անձը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ անգամ ևս հաստատեցին, որ մենք շատ արագ պետք է ունենանք առանց թուրքի Հայաստան: Այս մասին հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրել է, որ 10 օր առաջ Արագածոտնի մարզում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ասել է, որ մենք թուրքին ընկալում ենք թշնամի, թուրքը մեզ է ընկալում և շատ կարևոր է հասկանալ այն մեկնակետը, թե որտեղից է սկսվել մեր թշնամությունը։

«Հասկանո՞ւմ եք ինչ է ասում․ կասկածի տակ դնելով մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումը՝ փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը, ուրանալ հայոց պահանջատիրությունից, սա է այսօրվա իշխանությունը»,-մեկնաբանել է նա։

Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարին երբ լրագրողը հարցրեց՝ Թուրքիան մեր թշնամի՞ն է, պատասխանել է, որ պետք է մեր մոտեցումներում անենք շտկումներ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ամեն ինչ պարզ է և հստակ․ ով կուրանա Հայոց ցեղասպանությունը, կհրաժարվի հայոց պահանջատիրությունից, կուրանա Արցախի 3 պատերազմներում զոհված 10 հազար հայի արյունը, կհրաժարվի Արցախից, նա հայ ժողովրդի թշնամին է և վե՛րջ»,-հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Նա նշել է, որ այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը Թուրքիայի դեսպանատունն է Հայաստանում, իսկ խորհրդի քարտուղարը Թուրքիայի դեսպանը և Թուրքիայի շահերը սպասարկողը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիները անվտանգության խորհրդի քարտուղարին պետք է վերաբերվեն իբրև Թուրքիայի գործակալ Հայաստանում։

Սաղաթելյանն արձանագրել է, որ Հայաստանում կա 2 քաղաքական գիծ․ մի գիծը Նիկոլն է և իր խմբակը, ովքեր 3 տարի առաջ, խաբելով ժողովրդին,  կեղծ լոզունգների տակ եկան իշխանության, ծրագրված հանձնեցին Արցախը, երկրորդ ուղղությունը այն տեսակն է, ով ուզում է պահպանել մեր ազգային արժեքները։

Նշենք, որ Բաղրամյան փողոցում հանրահավաքին հաջորդեց երթը՝ Սարյան փողոցով մինչև Ֆրանսիայի հրապարակ։