Այս հանրահավաքը հատուկ կեսօրից հետո հրավիրվեց, որովհետեւ ամեն հավատացյալ հայ մարդ Ծաղկազարդին առնվազն գնում է եկեղեցի, առնվազն մի պահ ինքն իրեն իր հավատքի հետ է պահում: Այս մասին Դեմիրճյանի փողոցում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ, ի տաբերություն ժողովրդի, Նիկոլ Փաշինյանը Ծաղկազարդի տոնին վաղ առավոտից գաղտնագողի ընկել է գյուղերը:
«Եզակի դեպք է, որ ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը նույնիսկ Ծաղկազարդի տոնն է արհամարում ու գաղտնագողի գյուղեր այցելում»,-ասել է Մանուկյանը:
Շատերն ասում են՝ երկար ժամանակ է՝ հանրահավաք չկար, բայց պայքարը որևէ վայրկյան Հայաստանում չի դադարել: Չի դադարել «Հայրենիքի փրկության շարժման» Դեմիրճյան փողոցի շտաբից մինչև ՀՀ վերջին գյուղը, դրա համար վարչապետի աթոռը զբաղեցնողը ոչ մի վայրկյան չի կարողացել հանգիստ ման գալ թե՛ Երևանով, թե՛ Հայաստանի ողջ տարածքով: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Մանուկյանը:
«Բոլոր մեր այն հայրենակիցները, որոնք լռել են, շարունակում են մնալ տանը, բայց շարժման ղեկավարներին ասում են՝ երբ եք սրան լարելու, ասեմ՝ ամեն օր, երբ դուք դուրս չեք գալիս պայքարի ու մնում ենք տանը, ամեն օր թուրքը ավելի է մոտենում ձեր տանը: Մտածեք, նստում եք տանը, դուռը բացելու եք ու թուրքին դիմավորեք, ոտքի կանգնելն ամեն մեկի պարտքն է: Տանը մնալով ու ասելով, թե սրան ե՞րբ եք լարելու՝ դուք թուրքին չեք հեռացնում Հայաստանից»:
Պատերազմից 6 ամիս է անցել, բայց իշխանությունը շարունակում է սուտը, ասաց Մանուկյանն՝ արձանագրելով, որ իշխանությունը շարունակում է գաղտնի պահել կորուստները՝ գերիների, անհետ կորածների թիվն ու, առհասարակ, գաղտնի է պահվում ամեն ինչ:
«Մի քանի օր առաջ վարչապետի աթոռը զբաղեցնողն, իբր, կառավարության կողմից նվիրատվություն արեց, թե կառավարությունը 58 մլրդ ծախսում է Արցախում տան շինարարության վրա: Սուտ է ասում, «Հայաստան» հիմնադրամից իրենց գողացած 100 մլն, երբ «կոխել են» աչքն ու ասել՝ պետք է հետ տաս, ձևակերպում է իբրև կառավարության բարեգթություն: Նիկո՛լ, «Հայաստան» հիմնադրամից գողացածդ հետ բեր, ազգային կառավարությունները կկառուցեն», - նշեց Մանուկյանը: