Հանրահավաքի նպատակը մնում է նույնը՝ ժողովորդին ծանոթացնելու մեր մոտեցումների հետ: Այս մասին հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ Բաղրամյան պողոտայում։
Փողոցային շարժումը, նրա խոսքով, երբեմն տևում է մի ամիս, երբեմն տևում է մի տարի, սա փողոցային երթերի և հանրահավաքների շարան է, երբ կավարտվի՝ միանգամից պարզ կլինի։
Լրագրողների հարցին ի պատասխան նա կասկած է հայտնել, որ ընտրություններ կլինեն․ «Որտեղի՞ց գիտեք, որ ընտրություններ են լինելու, արտահերթ ընտրությունների լինել-չլինելը միայն մի հոգի է որոշում՝ վարչապետը, իսկ վարչապետը այնքան ստեր է ասել, որ կարող է լինի, կարող է չլինի»։
Վազգեն Մանուկյանը վերահաստատել է, որ ինքն ընտրություններին ոչ մի ֆորմատով չի մասնակցելու, բայց կարող է գնալ հանդիպումների կամ հեռուստացույցով ելույթներ ունենալ, բայց դա չի լինելու այս կամ այն թեկնածության կողմ, այլ ընդհանուր վիճակի մասին և Փաշինյանին դեմ։
«ՀՀ-ում երկու պրոցես է կատարվում․ Նիկոլ Փաշինյանը ամրացնում է իր ադմինիստրատիվ ռեսուրսը, չեզոքացնում է բանակը, կաշառում է Ոստիկանությանը, օգտագործում է ԱԱԾ-ն, Դատախազությունը, լծակներն իր ձեռքն է վերցնում, բայց, ինչպես պարզվում է, այնքան վստահ չի վերցնում, որովհետև ՍԴ որոշումը հաստատ իր ուզածը չէր։ Մյուս կողմից էլ ինքը կորցնում է ժողովրդի աչքում անընդհատ, որովհետև ոչ միայն ազդեցին պատերազմն ու նրա հիմիկվա խայտառակ պահվածքը, այլև այն սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնց առնչվում է մեր ժողովուրդը»,-ասել է Վազգեն Մանուկյանը։