«Հարգելիներս, այդ ո՞վ դառավ այդ Արմեն Գրիգորյանը, որ դեռ մի բան էլ ինքնուրույն մտքեր հայտներ, որ դրան քարկոծում եք։ Հիշենք, որ նմանատիպ արտահայտություններով են հանդես գալիս նաև , այսպես կոչված մանկուրտ-պատգամավորները, ոչինչ չարտահայտող դեմքով, այսպես կոչված Էկոնոմիկայի նախարարը, շուտով «Россия» մոլ անունը կրող առևտրի կենտրոնը «Turkey» մոլ վերանվանող, այսպես կոչված գործարարը և այլ պատմական, ազգային, մարդկային հիշողությունից զուրկ ՝ միայն ստամոքսներով մտածող մարդանմաններ», - գրում է իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը «Թրքբաբարո դուրսպրծուկները» վերտառությամբ գրառման մեջ:
«Սրանց համար որևէ սրբություն, արժեքային համակարգ գոյություն չունի․ ի՜նչ հայրենիք, ի՜նչ Արցախ, ի՜նչ ցեղասպանություն, այլ միայն ու միայն՝ փո՛ղ,փո՛ղ, փո՛ղ։ Եվ սրանց այդ անմարդկային հակումները հիանալի նկատել և առավել «հղկել» է անձամբ բռնապետիկը, որին շարունակում ենք հանդուրժել։ Այնպես որ, հարգելիներս, ամեն այսպիսի տխմարաբանություններից հետո, իմիջիայլոց հիշեք խոսքերի «հեղինակին» և հիմնական թիրախ դարձրեք նրանց թրքաբարո կերակրողին։
․․․Իհարկե, ինձ համար անհասկանալի և ցավալի է, որ լինելով արցախցի, Արմեն Գրիգորյանի սիրտը չի ցավում հայրենիքի կորստի համար։ Նա չի տեսնում արցախցի գերի գյուղացիների նվաստացումը ԹՈՐՔԻ կողմից»։