կարևոր
1595 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-28 13:49

«Վերին Լարս» անցակետով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար

«Վերին Լարս» անցակետով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար

Ներկա պահին ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո Խաչի լեռնանցքում մնացած բեռնատարներն իջեցվում են «Դարիալի» («Կազբեկի») անցակետ՝ հոսքը դեպի «Վերին Լարս» աստիճանաբար կազմակերպելու նպատակով։

Ըստ աղբյուրի՝ վրացական կողմն արդեն սկսել է թույլատրել նաև միջին բեռնատարների (5-7 տոննա) շարժը դեպի «Վերին Լարս», ինչին սովորաբար հաջորդում է խոշոր (20 տոննա) բեռնատարների տեղաշարժը, որը միաժամանակ կիրականացվի նաև ռուսական կողմից դեպի Վրաստանի «Դարիալի» («Կազբեկի») անցակետ։

ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են նաև, որ Ռուսաստան-Վրաստան սահմանին այս պահին իրականացվող աշխատանքները համապատասխանում են ճանապարհի բացվելուց հետո մեքենաների հոսքի վերականգնման տրամաբանությանը։

Պետական եկամուտների կոմիտեն մշտական կապ է պահպանում Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի։ 

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 632  բեռնատար ավտոմեքենա: