կարևոր
2362 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-27 22:48

6 ամիս առաջ սկսվեց դավաճանված պատերազմը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուղիղ վեց ամիս առաջ, սեպետմբերի 27, կիրակնօրյա վաղ առավոտ ու հրատապ տեղեկատվություն արցախյան առաջնագծից. թշնամին զինտեխնիկայի, ավիացիայի աջակցությամբ սկսել է լայնածավալ հարձակում սահմանի ողջ երկայնքով, թիրախում են հայտնվել նաեւ հայկական բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը։ Կան մարդկային կորուստներ, ինչպես զինված ուժերի, այդպես էլ խաղաղ բնակչության շրջանում։

Առաջին պահին դեռ հասկանալի չէր, որ սկսվում էր Արցախյան երկրորդ պատերազմը, առավել դաժան, առավել դրամատիկ, առավել լայնածավալ, այն էլ Թուրքիայի զինված ուժերի անմիջական մասնակցությամբ, իսլամիստական խմբերի ներգրավվմամբ։ Հետո նաեւ պարզ պետք է դառնար՝ սկսվում էր պատերազմ, երբ երկրի քաղաքական իշխանությունն առաջին հերթին մտածելու է ոչ թե առաջնագծի, ոչ թե հաջողության, ոչ թե Բանակին թեւ ու թիկունք լինելու, այլ սեփական վարկանիշի մասին՝ դրա համար գործի դնելով բոլոր ռեսուրսները՝ քարոզչական, ապատեղեկատվական, մանիպուլացիոն։

Առաջին իսկ օրը երկրում հայտարարվեց ռազմական դրություն։ Առաջին իսկ օրը նախանշվեց պատերազմի համար քաղաքական գիծը՝ լրատվամիջոցների զանգվածային ճնշում, որեւէ այլ տեղեկատվության հրապարկման արգելք։ Դրան պետք է հաջորդեին ամեն մի լուրի, ամեն մի այլ կարծիքի համար ոստիկանության այցերը, հարյուր հազարավոր դրամների տուգանքների շարքը։ Պետարազմի առաջին օրն արդեն Նիկոլ Փաշինյանը գծեց պատերազմի ցանկացած ելքի դեպքում էլ ինքնաարդարանալու բանաձեւը՝ խորհրդարանում հայտարարելով, որ «եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական եւ անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»:

Հետո արդեն, կապիտուլացիոն հայտարարության հրապարակումից հետո, այդ ասածն այլ բանաձեւում դարձավ, երբ Փաշինյանը հարցազրույցում ասաց՝ «ես եմ իրավիճակի գլխավոր պատասխանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»։

Պատերազմի առաջին իսկ օրը իշխանությունը շրջանառության մեջ դրեց «Հաղթելու ենք» կարգախոսն ու առաջնագծից 44 օր շարունակ հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը հրամցրեց հաղթելը փաստող տեղեկություններ ու հայտարարույթուններ միայն։ Մենք, իբրեւ լրատվամիջոց, որի աշխատակիցներն էին նաեւ առաջնագծում, որի աշխատակիցներն էին կամավոր մարտի դաշտում, ստանում էինք դեպքերի զարգացման հակադիր պատկերի մասին վկայություններ։ Բայց իշխանույթունը գտել էր բերան փակելու լուծումը՝ ռազմական դրություն ու միայն Պաշտպանության նախարարության բրիֆինգ։ Իսկ ռազմաճակատում թեժ էր։

Երկրում կամավորագրման արշավն էր, զուգահեռ՝ հայկական բնակավայրերի փողոցներում ավելանում էին կախված սեւ ժապավենները։ 44 օրյա հերոսականություն, ողբերգականություն, հարազատ կորցնելու ցավ, կսկիծ, ամեն մեկը մյուսով ապրելու մի մթնոլորտ, այդ ողջ ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Փաշինյանի ամեն րոպե չդադարող ելույթներ, մարտակոչեր, կամավորագրման ելույթներ, հոխորտանք ու մեկ էլ նոյեմբերի 9-ը:

Երեկո, եւ կապիտուլացիայի մասին հայտարարություն։ Փլուզում. պարտության լուր, Շուշին կորցնելու, Արցախի մեծ մասը կորցնելու, անգամ եղածը, մնացածը հանձնելու բոթը, տիրապետումը կորցրած ժողովուրդ, փախած ու թաքնված վարչապետ ու գաղտնի սենյակներից կրկնի սպառնալից ֆեյսբուքյան ուղիղ եթերներ։

Հետոն ավելի էր դժվար, քանզի ոչ միայն քողազերծվեց «Հաղթելու ենք»-ի մեծ սուտը, այլ սկսվեց փաստերի տարափը՝ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, հնարավոր էր Շուշին պահել, բայց Փաշինյանը մերժել է Պուտինին, հազարավոր մեր զինվորներն անպաշտպան օդի պատճառով նահատակվել են, քանի որ բանակի վերազինման ծրագիրը 2018-ին արմատապես փոխվել էր, ու չէին գնել այն, ինչ անհարժեշտ է, ՍՈՒ-30-նները Փաշինյանի ձեռքում պարզապես մանկական խաղալիքներ են եղել, որոնց պարբերաբար թռցրել են երևանյան երկնքում, բայց չէին գործածել պատերազմում։

Հետո արդեն պետք է պարզվեր, որ այս պատերազմը բացառիկ է եղել ռազմական գործի կազմակերպմամբ, կամ ավելի ճիշտ, անկազմակերպվածույթան առումով, երբ հրամանատարական միասնական կետը եղել է ուղղակի որեւէ շենքի տաղավար, ուր ելումուտ են արել հայաստանյան նախարարներ, վարչապետի տիկին, ով պատահի։ Հետո արդեն պետք է հայտնի դառնար, որ պատերազմը, Փաշինյանի թողտվությամբ դարձել է ինքնագործունեության հրապարակ։ Ինչպես եղել է հոկտեմբերի 6-ին, երբ Նիկոլ Փաշինյանի բանավոր հաստատմամբ գործի է դրվել ռազմական մի գործողություն Լելե Թեփե բարձունքը ետ բերելու ուղղությամբ, որն ունեցել է ակնհայտ քաղաքական շարժառիթներ եւ իշխանության քարոզչական խաղի համար է արվել, իսկ արդյունքում մենք կորցրել ենք մեր ամբողջ ռեզերվը, եւ հարավային դարպասը պահելու հնարավորություն չի եղել: Դա էլ դառնում է համատարած նահանջի համար ճակատագրական պատճառ։

Հետո արդեն պարզ է դառնոմւ, որ պատերազմի մեկնարկից հետո իշխանությունները, կամ շատ հաճախ՝ Փաշինյանն առանձնաբար, շարունակում են գաղտնի համաձայնություններ կայացնել արդբեջանցիների հետ։

Պատերազմի մեկնարկից այսօր անցել է ուղիղ 6 ամիս։ Բայց պատերազմը չի վերջացել։ Դեռ հողին հանձնելուն են սպասում մեր բազում նահատակների աճյուններ, դեռ իրենց զավակների վերադարձի հույսը չեն կորցնում բազում ընտանիքներ, Հայրենիքին են կարոտում ադրեջանական գերության մեջ գտնվող հարյուրավոր մեր հայրենակիցներ։ Իսկ պատերազմի մեկնարկից 6 ամիս անց էլ վարչապետի աթոռը, հակառակ հանրային զայրույթի ու բողոքի, շարունակում է իշխել ու ընտրությունների պատրաստվել նա, որը պատեզամի առաջին օրը ապահովագրվել էր՝ հայտարարելով բառացի՝ «նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական եւ անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի», իսկ պարտությունից հետո արդարացել՝ «ես եմ իրավիճակի գլխավոր պատասխանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»: 

Հարց լրագրողից. Բա՝ ո՞վ: