Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի երկրորդ տուրի հանդիպումը՝ Երևանում ընդունելով Իսլանդիայի հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպմանը կկարողանան ներկա գտնվել նաև ֆուտբոլասերները սահմանափակումներով՝ նստարանների քանակի ընդամենը 30 տոկոսի չափով։ Կորոնավիրուսի պատճառով հանդիպումներն անցնում էին առանց երկրպագուների։
Ներկայացնում ենք մարզադաշտ մուտք գործելու կարգը.
Տոմսի վրա կա Արագ արձագանքման կոդ (QR կոդ)։ Այդ կոդն առկա է ինչպես դրամարկղից, այնպես էլ առցանց՝ tickets.ffa.am կայքից գնած տոմսերի վրա։
Մարզադաշտի տարածք մուտք գործելիս դուք նախ այդ կոդը ցույց եք տալիս հսկիչներին։ Ցուցադրել կարող եք ինչպես տպած տոմսերը, այնպես էլ հեռախոսի վրա կոդի էլեկտրոնային տարբերակը։
Տոմսերի վրա նշված են նաև այն մուտքերի համարները, որոնցով պետք է անցնել մարզադաշտ մուտք գործելու համար։ Մուտքերը հագեցած են սքաներներով։ Մոտեցրեք Ձեր տոմսը կամ հեռախոսի էկրանը (որի վրա բացված է QR կոդը) սքաներին։ Սքանավորելուց հետո կանաչ լույսով կստանաք ազդանշան, որ դուռը բաց է և կարող եք անցնել։ Եթե ինչ ինչ պատճառով կանաչ ազդանշանը չկա, դուրս եկեք հերթից և տեղեկացրեք այդ մասին անմիջապես հսկիչներից մեկին։
Նշենք, որ այս պահին առցանց համակարգում դեռևս առկա են մարզադաշտի Հյուսիսային և Հարավային տրիբունաների մի քանի նստատեղերի տոմսեր՝ 2000 դրամ արժեքով:
Ֆուտբոլի Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների միջև 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարներ: Մարտի 28-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 36-ամյա Էնեա Ջորջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկաջը և Ռեջդի Ավդոն: Ինչպես և Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը, այդ խաղերին ևս, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի ընտրանու առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք է ստացել իտալական «Ռոմա»-ի կազմում միջազգային հանդիպման ժամանակ:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքական հակառակորդի ինքնագոլով հաղթանակ գրանցեց նվազագույն հաշվով Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:
Մինչ այժմ երկու թիմերը հանդիպել են 3 անգամ և առավելությունն Իսլանդիայի կողմն է՝ 2 հաղթանակ և մեկ ոչ-ոքի։
1998թ․ Հայաստան-Իսլանդիա 0։0 (ԵԱ ընտրական խումբ)
1999թ․ Իսլանդիա-Հայաստան 2։0 (ԵԱ ընտրական խումբ)
2008թ․ Հայաստան-Իսլանդիա 0։2 (Ընկերական հանդիպում):
Երեք օր անց էլ՝ մարտի 31-ին, կրկին Երևանում հավաքականն իր ուժերը կչափի ռումինացիների հետ։