կարևոր
1587 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-26 21:35

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենան քարկոծելու միջադեպը

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենան քարկոծելու միջադեպը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ուսումնասիրել է մարտի 25-ին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից քարկոծվել են հայերի մեքենաները:  ԱՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտպանը դատապարտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտումները և բռնության գործադրման ցանկացած դրսևորում` անկախ դրա հեղինակից:

«Գրանցված միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ քննություն, որն առաջնահերթ անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու, հատկապես շփման հատվածին հարակից` առանց այդ էլ գերլարված բնակչության տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար:

Այս առումով Պաշտպանը դրական է գնահատում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության և ոստիկանության օպերատիվ արձագանքը զանգվածային լրատվության միջոցների հրապարակմանը և ենթադրյալ հանցավոր դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության պատրաստակամությունըե,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք. Մարտի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել էր Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին: