կարևոր
1942 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-26 21:17

Շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ. փողոցային պայքարը պիտի շարունակվի. Վազգեն Մանուկյան

Շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ. փողոցային պայքարը պիտի շարունակվի. Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել հայաստանյան 6 հեռուստաընկերություններին (Armenia TV, 5-րդ ալիք / 5 TV, ArmNews TV, Armenian Second TV Channel / Հայկական Երկրորդ Հեռուստաալիք, Yerkir Media TV, Kentron TV), որի ընթացքում անդրադարձել է հանրությանը հուզող ներքաղաքական և աշխարհաքաղաքական մի շարք հարցերի:

Հայաստանը հիմա պատրաստ չէ ընտրությունների այս բզկտված վիճակում, դրանք խորացնելու են ճգնաժամը եւ ոչ թե լուծելու են. լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։

«Մենք թե՛ մեր, թե՛ մյուս երկրների առաջ խայտառակ կլինենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ղեկավարելու է ընտրությունները։ Ավելի լավ է՝ ինքը մի քիչ էլ երկար մնա, մինչեւ որ մենք ուժ հավաքենք՝ իրենց գցենք, քան թե ինքը կառավարի այդ ընտրությունները։ Չեմ խոսում նույնիսկ այն մասին, որ ինքը ընտրությունների ժամանակ տոկոս կհավաքի ու կստացվի, որ ինչ–որ դեպք էր եղավ, երկիրը կործանվեց, բայց իրենք էլի իրենց տոկոսն ունեն։ Եթե ինքը դառնա վարչապետ, դրանից հետո ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղելու է, դրանից հետո մենք ոչինչ անել չենք կարող։ Դրա համար ես գտնում եմ, որ այն ծրագիրը, որը Հայրենիքի փրկության շարժումն առաջարկեց՝ փոխել վարչապետին, մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարություն ձեւավորել, հետո միայն առաջ գնալ, ամենաճիշտ ծրագիրն է։ Դուր չի գալիս վարչապետի թեկնածուն, այսինքն՝ ես, փոխենք, դուր չի գալիս մեկ տարին՝ կարճացնենք կամ երկարացնենք։ Հայրենիքի փրկության շարժումը եթե արդյունավետ չի աշխատում, ապա եկեք փոխենք այդ ֆորմատը»։

Երբ շարժմանն անդամակցող կուսակցություններից որոշները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, դա խնդիրներ է առաջացնում, բայց անգամ նրանց համար այս շարժման պահպանումը անհրաժեշտ է․ ասաց Վազգեն Մանուկյանը։

«17 կուսակցություններից ֆորմալ կերպով դուրս է եկել միայն մեկ կուսակցություն, այսինքն՝ հիմա շարժման մեջ կա 16 կուսակցություն: Իհարկե, երբ որոշ կուսակցություններ պատրաստվում են արտահերթ ընտրությունների դա արդեն խնդրահարույց է, բայց նույնիսկ այն կուսակցությունները, որոնք գնալու են ընտրությունների նրանց ևս անհրաժեշտ է, որ այս ալիքը պահպանվի, քանի որ բոլորս ունենք մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Նա նաև նշեց, որ եթե շարժման գործողությունները շարունակական լինեն, նա կներկայացնի 6 թեկնածուների, որոնք կաշխատեն կառավարության կազմում:

«Ես կողմնակից չեմ կառավարության կազմ ներկայացնելուն հիմա, հատկապես, երբ ձևավորված վերջնական կազմ չկա, բայց ցույց տալ թիվ՝ 6 հոգի, որոնք կառավարության մեջ աշխատելու են դրա մասին կխոսենք ինչ-որ ժամանակ անց, երբ այս գործընթացները շարունակվեն»,- նշեց նա:

Ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից եւ ինձնից, որովհետեւ կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։ «Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը։ Ինձ առաջարկում էին նաեւ, որ ես էլ ասեմ, թե աշխատավարձերը բարձրացնելու եմ եւ այլն, որովհետեւ ժողովրդի մի զգալի մասը ոչ թե ազգային մոտիվացիայով է առաջնորդվում, այլ սոցիալականով, միգուցե իմ սխալն էր, բայց ես ասում էի, որ պետք է ազգային մոտիվացիայով առաջնորդվել»,– նշել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը հանրությանը չի ուզում ստել եւ ասել, որ միանգամից փայլուն է լինելու,  բայց ինքը վստահեցնում է, որ մարդկանց աշխատանքը գնահատվելու է։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ապա պարզաբանել է, որ իրենց պլաններում էր Հայաստանի ամբողջ տարածքով հանդիպումներ անցկացնել, ֆորում հրավիրել մարզահամերգային համալիրում, որտեղ հրավիրված կլինեին այն մարդիկ, որոնք հրապարակային պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ինքն այդտեղ կներկայացներ Կառավարության ծրագիր, սակայն պլանները խախտվել են ԶՈՒ ԳՇ–ի հայտարարությամբ պայմանավորված։

«Հիմա մենք կփորձենք այդ ծրագիրը  իրականացնել»,– ասել է Վազգեն Մանուկյանը՝ պնդելով դիրքորոշումը,  որ փողոցային պայքարը պիտի շարունակվի։