կարևոր
546 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-26 16:40

Պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումն արդարացնելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտելի են. Աննա Նաղդալյան

Պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումն արդարացնելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտելի են. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահականի և արտաքին քաղաքական գերատեսչության «արդարացումներին» Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին: ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը.

Հարց. Ադրբեջանի նախագահականը և արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես են եկել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին «արդարացումներով»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Ադրբեջանական կողմը հաստատեց Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերման միտումնավոր և ծրագրված բնույթը, և որ դա իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում:

Ադրբեջանական կողմի բոլոր փորձերը՝ արդարացնելու պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումը մտահոգիչ և դատապարտելի են:

Հատկանշական է, որ միաժամանակ ադրբեջանական կողմը քար լռություն է պահպանում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) եկեղեցու ավերման մեղադրանքների և փաստերի վերաբերյալ՝ հավանաբար չգտնելով այս հերթական բարբարոսության «արդարացման» որևէ, անգամ՝ մտացածին հիմնավորում:

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ երկրները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է անհապաղ միջամտեն հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար: