Դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Մարտի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատեց, որ ստացել է Օնիկ Գասպարյանի դիմումը հանցագործության մասին:
Օնիկ Գասպարյանը դիմեց ՀՀ վարչական դատարան, որը մարտի 17-ին բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նախ վարույթ էր ընդունել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը իրավահարաբերությունների բացակայության վերաբերյալ, ապա բավարարել պաշտպանական կողմի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որի բավարարման դեպքում Օնիկ Գասպարյանը վերադառնում էր իր պարտականությունների կատարմանը, մինչև վերջնական վճռի հրապարակումը։ Օնիկ Գասպարյանը հաջորդ օրն իսկ առավոտյան վերադարձել էր աշխատանքի։ Սակայն, վարչապետի աշխատակազմը պարզաբանում տարածեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
Ինչից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց Դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին: