կարևոր
548 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-25 22:58

ՌԴ-ն արգելել է 11 հայ վարորդի մուտքը՝ չվճարված վարչական տույժերի պատճառով․ նրանք սահմանին են մնացել

Այս պահին բեռնատարների 11 վարորդ մնացել են Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում: Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեն։

«ՌԴ սահմանապահ ծառայության պարզաբանմամբ` վարորդներն ունեն մինչև 3 տարի վաղեմությամբ չվճարված վարչական տույժեր` Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի մասին նրանք ծանուցվել են:

ՌԴ սահմանապահ ծառայության կայքում նշված է, որ դեպի Ռուսաստան բեռ տեղափոխող այս վարորդներն իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:

Ստեղծված դրությունը գնահատելուց հետո` ՊԵԿ-ը լուծման երեք տարբերակ է առաջարկում:

1.Այս իրավիճակում հայտնված վարորդներ ունեցող բեռնափոխադրումներով զբաղվող այն կազմակերպությունները, որոնք ունեն Ռուսաստան բեռ տեղափոխած և հետ վերադարձող մեկ այլ վարորդ, կարող են այդ բեռնատարի վարորդի միջոցով կազմակերպել չեզոք գոտում հայտնված բեռնատարով բեռի տեղափոխումը ՌԴ: Իսկ չեզոք գոտում մնացած վարորդը կարող է դատարկ բեռնատարով վերադառնալ Հայաստան: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է ապրանքների միջազգային փոխադրումների ժամանակ կիրառվող տրանսպորտային բեռնագրում (CMR) լրացուցիչ գրել վարորդների անունները, որպեսզի վրացական կողմը թույլատրի չեզոք գոտում հայտնված վարորդի վերադարձը մյուս վարորդի բեռնատարով և համապատասխան CMR-ով, իսկ ռուսական կողմը թույլ տա, որպեսզի դեպի ՌԴ մեկնող վարորդը բեռով մտնի Ռուսաստան:

2.ՊԵԿ-ը նաև բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններին հորդորում է, որ վարորդներին Ռուսաստան գործուղելուց առաջ ՌԴ ներքին գործերի նախարարության և Դատական կարգադրիչների կայքերից նախապես ճշտեն` արդյոք նրանք ունեն չվճարված տուգանքներ: Միայն տուգանքը վճարելուց և հավաստիանալուց հետո, որ այն հանված է, կարելի է այդ վարորդների միջոցով կազմակերպել բեռնափոխադրումը:

3.Կազմակերպությունները կարող են նաև երկու բեռնատարների CMR-ներում նախապես խաչաձև լրացնել մյուս բեռնատարի վարորդի անունը, որպեսզի ՌԴ մտնելու արգելքին բախվելու դեպքում լուծման առաջին եղանակով հնարավոր լինի կազմակերպել միաժամանակ և՛ վարորդի վերադարձը, և՛ բեռի տեղափոխումը նշանակման վայր»։