Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 56-րդ մ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի հարևանությամբ, հսկայական բարդին արմատից կոտրվել և ընկել է ընթացող, Սուրենավան գյուղի բնակիչ, 50-ամյա Կամո Ղազարյանի վարած T40 մակնիշի տրակտորի և նրան ամրացված 2 կցորդիչի վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի ընկնելու հետևանքով տրակտորիստը «կրծքավանդակի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վարորդին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ովքեր վիրավորին հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների ավտոմեքենայի միջից վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Նշվում է նաև, որ ծառը, երբ ընկել է տրակտորի վրա, տրակտորը ընկնելու վայրից մոտ 125 մետր առաջ է ընթացել և տրակտորիստը չի կարողացել ինքնուրույն դուրս գալ, նրան օգնել են գյուղացիները:
Դեպքի վայրում հավաքված Սուրենավանի բնակիչներն ասում էին, որ նշված վայրում կան մի քանի դարն ապրած ծառեր և եթե պատկան մարմինները հետևություններ չանեն և այդ փտած ծառերը չհեռացնեն, չի բացառվում հետագայում նորից նմամատիպ դեպք տեղի ունենա և այն ունենա նաև ողբերգական ավարտ: