կարևոր
1719 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-25 15:59

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր կխաղա Լիխտենշտեյնի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր կխաղա Լիխտենշտեյնի հավաքականի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին կսկսի պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի հավաքականին: 

Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Խաղը կսպասարկեն ավստրիացի մրցավարներ՝ 36-ամյա Յուլիան Վեինբերգերի գլխավորությամբ: Նրան կօգնեն Անդրեաս Շտաունդինգերը եւ Ռոլանդ Ռեյդելը։ Չորրորդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Իգոր Ռադոյչիչը (Սերբիա), պատվիրակը՝ Յան Վիլեմ Վան Դոպը (Նիդերլանդներ)։

Հայաստանի հավաքականին դարձյալ չի օգնի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային թիմին: Խաղի վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել նաև Հակոբ Հակոբյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Վբեյմար Անգուլոն և Գևորգ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները հանդիպել են չորս անգամ, բոլորը՝ վերջին տարիներին: 4 խաղերում հայկական թիմը տարել է 2 հաղթանակ, ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Ընդ որում՝ Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին չի կարողացել հաղթել հյուրընկալվելիս:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լիխտենշտեյնի հավաքականը 181-րդ տեղում է, Հայաստանը 99-րդն է

Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Իսլանդիայի (մարտի 28) և Ռումինիայի (մարտի 31) հավաքականների հետ: