կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-25 14:56

Օրենքի փոփոխությունն էլ ավելի է ամրապնդում և խորացնում քաղաքական ներկայությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում. ՀՅԴ Նիկոլ Աղբալյան միության հայտարարությունը

Երեկ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով նախատեսվում են մի շարք փոփոխություններ կրթության եւ գիտության ոլորտներում, ինչպես նաև բուհերի կառավարման ոլորտում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից:

«Փոփոխվում է բուհերի կառավարման եւ ֆինանսավորման համակարգը։

Բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու հոգաբարձուների 9 անդամներից, որոնցից 5-ը կնշանակվի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍՆ-ի կողմից, իսկ 4-ին կընտրի բուհը։ Հոգաբարձուների խորհուրդը կընտրի բուհի ռեկտորին։ Ռեկտորը կպաշտոնավարի 5 տարի ժամկետով, չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները։

Ուսխորհուրդները եւս կդադարեն գործել, դրա փոխարեն կձեւավորվեն ուսանողական միավորումներ։

Առավել խնդրահարույց է ռոտացիոն համակարգի փոփոխությունները՝ օրենքի նոր կարգավորումներով անվճար ընդունված ուսանողները ոչ բավարար առաջադիմության դեպքում զրկվելու են իրենց անվճար տեղից, սակայն վճարովի ընդունված, բայց լավ առաջադիմություն ցուցաբերած ուսանողները այլևս հնարավորություն չեն ունենալու ռոտացիայի ենթարկվել։

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում օրենքի փոփոխությունների վերաբերյալ, քանի որ չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ է դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր:

Օրենքի փոփոխությունը, ի հեճուկս ներկայիս իշխանությունների՝ բուհերը ապաքաղաքականացնելու նախկինում թմբկահարվող պահանջի, էլ ավելի է ամրապնդում և խորացնում քաղաքական ներկայությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում»