կարևոր
1518 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-25 12:46

Ամենածանր պատիժը պետական դավաճանության համար. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրենքի նախագիծը

Ամենածանր պատիժը պետական դավաճանության համար. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պետական դավաճանության համար սահմանում է 15-20 տարվա ազատազրկում գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության համար 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ։

Նախագծի հեղինակներն էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցութան պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:

Գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում էր 10-15 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար 8-ից 15 տարվա ազատազրկում։ 

«Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը և կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև մի շարք այլ դեպքերը, այսինքն՝ պետական դավաճանության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- նշել էր Ազգային ժողովի փոխնախագահ, նախագծի հեղինակ Վահե Էնֆիաջյանը:

Նա հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, և, բնականաբար, ամենածանր հանցանքը պետք է ունենա ամենածանր պատիժը: