կարևոր
944 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-25 12:39

ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է «Արցախն ու ռուսաց լեզուն» թեմայով քննարկում

ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է «Արցախն ու ռուսաց լեզուն» թեմայով քննարկում

Մարտի 24-ին կայացել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած «Արցախն ու ռուսաց լեզուն» խորագրով կլոր սեղան-քննարկում։

Հանրային քննարկման առարկան «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն էին: Հրավիրված էին օրենքի համահեղինակ 3 պատգամավորներ` Մետաքսե Հակոբյանը, Արամ Հարությունյանը, Գագիկ Բաղունցը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, նույն նախարարության ԱՀ Լեզվի պետական տեսչության պետ Արտակ Ղուլյանը, Արցախում գործող երիտասարդական կազմակերպությունների անդամները, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ։

Քննարկմանը սակայն չէր ներկայացել ԱՀ ԿԳՄՍ նախարարը, իսկ համահեղինակներից ներկա էր միայն Մետաքսե Հակոբյանը։

Քննարկումը նախագահում էր Լեռնիկ Հովհաննիսյանը: Մետաքսե Հակոբյանը և Արտակ Ղուլյանը արտահայտել են նախագծի մասին իրենց կարծիքը, պատասխանել ներկաների հարցերին։

Քննարկման նպատակը հանրային տարբեր շերտերի կարծիքը քվեարկությանը մասնակցող պատգամավորներին լսելի դարձնելն էր, քանի որ օրենքի նախագծի ներկայացումից մինչ վաղը կայանալիք քվեարկությունը կազմակերպվել է ընդամենը մեկ հանրային քննարկում։

ՀՅԴ ԱԵՄ-ի կազմակերպած «Արցախն ու ռուսաց լեզուն» խորագով կլոր սեղան-քննարկմանը ելույթով հանդես է եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի պետական տեսչության պետ Արտակ Ղուլյանը: Նա պարզաբանել է, որ Արցախում տարանջատված չեն պետական և պաշտոնական լեզուները, քանի որ նման տարբերակումը բնորոշ է դաշնային երկրներին, իսկ Արցախում թե՛ պետական, թե՛ պաշտոնական լեզուն հայերենն է եղել:

Նրա կարծիքով, եթե «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները վերաբերվում են միայն գործավարության կազմակերպման գործընթացին, ապա նույնիսկ փոփոխություններից հետո թերահավատությամբ է լցված, որ կսկսեն գործավարությունը կատարել ռուսերեն լեզվով:

Նա իր խոսքում նշել է, որ ամեն անգամ ցավով է ականատես եղել, թե ինչպես են մեր պաշտոնյաները ռուս պաշտոնյաների հետ հանդիպմանը խոսել ռուսերենով, այլ ոչ՝ թարգմանչի օգնությամբ և այժմ այս երևույթը օրենսդրական դաշտ է տեղափոխվում:

«Պարտադրանք չկա, սակայն իրողությունները հերիք են որպես պարտադրանք ընդունելու համար: Պետք է հասկանանք՝ ինչպես է ազդելու մեր լեզվի վրա, և հասկանանք՝ ինչպես դիմակայենք դրան: Եթե այս փոփոխություններին հետևեն լեզվի հիմքերը խարխլող այլ ենթաօրենսդրական ակտեր, որոշումներ, մենք բողոքելու ենք, պայքարելու ենք մեր լեզվի համար»,- ասել է Արտակ Ղուլյանը: