կարևոր
2315 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-24 23:30

Դա ուղղակի զզվելի է. ես գետինը կմտնեի՝ երբեք նման հանդիպում չէի կազմակերպի. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունները ձևավորում են ֆեյք-ազատամարտիկների կերպարներ, իշխանական մամուլը ողողում նրանց տեսաուղերձներով, և դրան զուգահեռ՝ փորձում քաղաքացիներին լռեցնել հարցադրումներով, օրինակ՝ գնայիր՝ կռվեիր, բա դու առաջնագծում չէիր, և այլն:

«Ես կուզեմ մի դեպք պատմել՝ այս իշխանության հանցագործություններից մեկը, որի համար, վստահ եմ, մի օր 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը դատվելու են, որովհետև ՀՀ օրենքներն են խախտել՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը: Մի անգամ ինձ և Իշխան Սաղաթելյանին տեղեկություն փոխանցվեց, որ իշխանական ֆեյքային բանակները պատրաստվում են մի շարք անել՝ ովքեր առաջնագծում չեն: Մոտ 40-50 լուսանկար էին հրապարակել. լավ, Իշխանի նկարը, իմը համացանցից հեշտ կարելի էր գտնել, բայց, օրինակ՝ Կոտայքի մեր տարածքային պատասխանատուի, նրա եղբորորդու, տարբեր մեր շրջանների ընկերների լուսանկարներ, որ համացանցում չկար, բոլորինը անձնագրային տվյալներ էին հրապարակել՝ վերցրել էին ՀՀ ոստիկանության տվյալների բազայից, դա ուղղակի քրեորեն պատժելի հանցագործություն էր: Ընդ որում՝ այդ ցանկից շատերը մարտական գործողությունների մասնակից էին, ուղղակի իշխանությունը միշտ արհեստական կեղծ օրակարգեր գցելով, հարցադրումներ հրապարակ նետելով՝ փախուստ է տալիս բովանդակային բանավեճից, պատսպարվում է այդ կեղծ լոզունգների հետևում, որպեսզի ավելի հստակ չլինի նրանց այն հանցավոր գործունեությունը, որի արդյունքը երկրում տիրող այս ողբերգական վիճակն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում ռազմական դրության վերացմանը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ այն միայն մեկ պատճառով էր պահպանվում՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը չդրվի քննարկման.

«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մյուս դրույթները չէին պահպանվում: Տեսեք՝ երկրում ռազմական դրություն է, բայց պաշտպանական ոլորտն ուղղակի խայտառակ վիճակում է: Զինվորները գալիս են արձակուրդ և չեն վերադառնում զորամաս, զինվորների ծնողները ցույց են անում, իրենց պահանջները բավարարվում են: Այսպիսի փնթի վիճակ մեր երկրում երբեք չի եղել: Տասնյակներով, հարյուրներով զինվորներ լքել են իրենց մարտական հերթապահությունը կամ զինվորական ծառայությունը: Իշխանությունը ռազմական դրությունը պահպանում էր ոչ թե երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու, ոչ բանակի կենսագործունեությունը բարելավելու համար, այդ հարվածներից հետո մեջքը ուղղելու համար, այլ մեկ բանի համար՝ ռազմական դրությունը պաշտպանիչ զրահաբաճկոն է. Մի հատը Փաշինյանի հագին է, մյուսն էլ ռազմական դրությունն էր: Մեկ շաբաթ առաջ, երբ պաշտպանության հանձնաժողովի նիստում ընդդիմությունն  էլի բերել էր նախագիծը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ատամներով պաշտպանում էին՝ վայ, գիտե՞ք՝ ինչ կարևոր է ռազմական դրության պահպանումը: Այսօր ձայն չհանելով, առանց ծպտունի՝ քվեարկեցին, գնաց»:

Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ համաձայնություն կա խորհրդարանում, որպեսզի անվստահություն չհայտնեն վարչապետին, նա պատասխանեց. «Ոչ, դա որևէ բան չի նշանակում, որովհետև ՀՀ-ում դեռ ընտրություն նշանակված չէ, ՀՀ-ում դեռ վարչապետը հրաժարական չի տվել, դեռ 2 անգամ ընտրություն կայանալը իրականություն չէ, և այդ պայմաններում խոսել երևութական արտահերթ ընտրությունների մասին՝ իմաստ չունի: Անվստահության մասով՝ բոլոր սցենարները գործում են, Հայաստանում որևէ բան հնարավոր չէ բացառել: Առնվազն, ես՝ որպես դիտորդ, որպես քաղաքացի՝ արձանագրում եմ մի փաստ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարների հետ, այդ հանդիպումներից հետո ուղղակի հայտարարվել է, որ համաձայնել են հունիսի 20-ին ընտրություն նշանակելու մասին: Եթե 2018թ., երբ սահմանադրական կարգը Նիկոլ Փաշինյանը տապալեց, մտան ԱԺ, որից հետո հուշագիր ստորագրեց, ենթադրենք, ԲՀԿ-ի հետ, կար հուշագրում կետ, որ չի առաջադրվելու: Տվյալ դեպքում ո՛չ հուշագիր կա, ո՛չ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից պաշտոնապես լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում թեկնածու չեն առաջադրելու»:

Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» որոշել է սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: Նիկոլ Փաշինյանը նույնպես սկսել է մարզային այցելություններ, և ըստ էության, քարոզարշավ է իրականացնում մարզերում, արդյո՞ք Ձեր այդ որոշումն այս տրամաբանության շրջանակներում է, և արդյո՞ք իրենց այցերը նույնպես կարող ենք համարել քարոզարշավի մեկնարկ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Փաշինյանի գրառումից հետո:

Ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ, որովհետև սրանից առաջ էլ «Հայրենիքի փրկության շարժումը» ունեցել է նման հանդիպումներ Արարատում, Շիրակում, Լոռիում, և դրա շարունակությունն է: Եվս երկու խնդիր կար՝ ակնառու է, որ իշխանությունն իր կեղծ քարոզչությամբ շատ ավելի փորձում է ազդել շրջաններում բնակվող մեր համաքաղաքացիների վրա, նաև՝ հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու բնական սահմանափակվածությունը մարզերում, և դրա համար ուղղակի որոշել է այդ հանդիպումներն ավելացնել: Ուղղակի, չեմ ուզենա երբեք Նիկոլ Փաշինյանի այս վերջին շրջանում մարզերի հանդիպումների հետ համեմատել. Ես գետինը կմտնեի՝ երբեք նման հանդիպում չէի կազմակերպի, և կարծում եմ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կամ ՀՅԴ-ն նման հանդիպում չէր կազմակերպի: Նկատի ունեմ՝ բեմականացումները, մարդկանց փողով բերելը, դպրոցականներին բերելը, այդ կեղծ թատրոնը, որ կա, ուղղակի զզվելի է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում