կարևոր
1489 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-24 19:47

Պետական մակարդակով իրականացվող մշակութային ջարդի քաղաքականությանից զերծ չմնաց նաև Կանաչ ժամ եկեղեցին․ Լուսինե Ղարախանյան

Ադրբեջանի ղեկավարությունը, անտեսելով ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում գործող և համամարդկային ժառանգության պահպանման առաքելությամբ կյանքի կոչված միջազգային կազմակերպություններին, ամեն կերպ ձգտում է Շուշիից վերացնել հայկական հետքը, սպանել հայոց բերդաքաղաքի ֆենոմենը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության կրթության նախարար Լուսինե Ղարախանյանը։

«Պետական մակարդակով իրականացվող մշակութային ջարդի քաղաքականությանից զերծ չմնաց նաև Կանաչ ժամ եկեղեցին, որը պայթեցվել ու պղծվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո:

Հայ ժողովրդի բազմաբնույթ ու բազմաշերտ մշակութային բազմադարյան կենսագրության մեջ յուրօրինակ տեղ ու դեր ունի Շուշի քաղաքը: Թեկուզև գտնվելով քաղաքական բարդ զարգացումների կիզակետում, այնուամենայնիվ հայոց բերդաքաղաքը հասարակական, քաղաքական տպավորիչ զարգացումներով ու տնտեսական, մշակութային աննախադեպ ձեռքբերումներով նոր լիցք հաղորդեց հայ ժողովրդի ստեղծագործ ոգուն՝ վերածվելով հայ մշակույթի նշանավոր կենտրոնի: Շուշիի մշակութային կյանքի վերընթացին իրենց առանցքային նպաստն են բերել եկեղեցիներն ու վանքերը, որոնց թվում էր նաև Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց եկեղեցին:

Շուշիի Ներքին թաղում գործում էր քարաշեն Սբ. Աստվածածնի եկեղեցին: 1827-1849 թվականներին եկեղեցու քահանան էր Դավիթ Հովհաննիսյան Բաղդասարյանցը : Ներքին թաղում կար նաև մի սրբավայր՝ անհայտ նահատակի գերեզմանը, որը հայտնի է «Քամու խաչ» անունով: 19-րդ դարի սկզբներից թուրքերի կողմից ճնշումները մեծացան և ծագումով ղարաբաղցի, տեղացի հայերը ստիպված 1840 թվականին տեղափոխվեցին Վերին թաղ : Վերին թաղ տեղափոխվելուց հետո նրանք 1840թ. կառուցում են փայտաշեն եկեղեցի:

Շուշեցի եղբայրներ Հովհաննես և Բաբա Հունանյանները ցանկություն էին հայտնել Վերին թաղում իրենց միջոցներով կառուցել նոր եկեղեցի:

1847-1857 թվականներին նույն սրբատեղիում կառուցվեց արդեն քարաշեն, խաչաձև գմբեթավոր Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ Ժամը: Այն հայտնի է նաև Ղարաբաղցոց եկեղեցի անունով: 1905թ. եկեղեցու վանահայրը եղել է Հովհան Հովակիմյան Ղահրամանյանցը: 1878-1910 թվականներին Կանաչ Ժամի միաբաններից էր Հովհաննես ավագ քահանա Տեր Գևորգյան Տեր Գրիգորյանցը, 1890-1910 թվականներին` Մուշեղ ավագ քահանա Վարդապետյանցը, 1865-1910 թվականներին` Դանիել քահանա Տեր-Հակոբյան Տեր Գրիգորյանցը, 1901-1910 թվականներին` Սամվել քահանա Գասպարյանցը, 1915 թվականին` Պետրոս Տեր Հովհաննիսյանցը :

Եկեղեցին 1999թ. վերանորոգվել է ու վերաբացվել է և գործում էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական ագրեսիան»: