05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում լրագրողական հանրությունից, ինչպես նաև լրագրող Փայլակ Ֆահրադյանից՝ Երևանի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի համար: Մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արշակյանը նշեց, որ կարևոր նշանակություն է տալիս լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությանը և ցանկանում է, որպեսզի բոլորը նույնպես նման կերպ վերաբերվեն:
«Նախ ուզում եմ ասել, որ լրագրողներին շատ սիրում եմ: Գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրողական գործունեության նկատմամբ: Կատարված դեպքի հետ ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից և ներկայումս ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր տեսել են այդ դեպքը, ինչպես նաև լրագրական հանրույթից, և հենց կոնկրետ Փայլակից»,- ասաց Արշակյանը:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Դեպքի առնչությամբ լրագրող Փայլակ Ֆահրադյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ սրճարաններում մեկում տեսել է նախարար Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում, Արշակյանը պատասխանել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Ըստ լրագրողի՝ դրանից հետո նախարարը խնդրել է անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: