կարևոր
2751 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-24 13:23

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության կրթության նախարար, գրականագետ Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է

Մարտի 24-ին հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ, Հայաստանի առաջին հանրապետության կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1873 թվականին Թիֆլիսում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 

Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Գրական գործունեությունն սկսել է «Մուրճ» ամսագրում: 1896-1899թթ. այստեղ տպագրել է երեք տասնյակից ավելի գրախոսական, հոդված, գրականագիտական ուսումնասիրություն: Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։  Ճանաչված քննադատ էր, քաղաքական գործիչ, Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահի (Հովհ.Թումանյան) անփոփոխ տեղակալը:

1918 թ-ին, Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, Աղբալյանն ընտրվել է խորհրդարանի անդամ: Նրա անմիջական ջանքերով 1919 թ-ին հիմնադրվել է Երևանի պետական համալսարանը:

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921 թվականին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930 թվականից բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարանի հիմնադիրը՝ Լևոն Շանթի հետ, որտեղ և դասավանդել է մինչև կյանքի վերջը։

Նիկոլ Աղբալյանը մահացել է 1947 թվականին Բեյրութում։

Արժեքավոր է Աղբալյանի  գրականագիտական «Պատմություն հայոց գրականության» (1947 թ.) աշխատությունը: «Սայաթ-Նովայի հետ» (1966 թ.) ուսումնասիրության մեջ անդրադարձել է Սայաթ-Նովայի կյանքի նորահայտ էջերին, համակողմանիորեն վերլուծել նրա ստեղծագործությունը:

Աղբալյանը գրել է նաև աշխատություններ` նվիրված քաղաքականությանը, դաշնակցական կուսակցությանը («Մտածումներ Հ. Յ. Դաշնակցության մասին», 1929–30 թթ., «Մեր կանոնագիրը», 1937 թ., «Կրկին մեր կանոնագիրը», 1937 թ.): Մի շարք հոդվածներում լուսաբանել է Հայկական հարցը: 

Խոսելով Դաշնակցության մասին, նա նշել է.

«Այստեղ ոչ թե անձնական և նիւթական շահն է, որ կապում է մարդկանց, այլ բարոյական ուխտի նոյնութիւնն է, որ դարձնում է ընկեր...Դաշնակցականն իր անձին մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը, որ մնացած են անթեղուած եւ յարաճուն խիզախութեամբ խարանելով ու սպիացնելով ժառանգական ստրկութեան վէրքերը»:

1991 թ-ից Երևանում  գործում է ՀՀԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Աղբալյանի անունով են կոչվել դպրոց Երևանում, ՀՀԴ ակումբներ՝ Հայաստանում և արտերկրում: Ն.Աղբալյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնտկան մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանի հիմնադրման գործում: