կարևոր
1540 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-24 13:05

Ազգային ժողովն ընդունեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն ընդունեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենսդրական փաթեթը

Խորհրդարանը մարտի 24-ի նիստում 79 կողմ  36 դեմ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթը: 

Ըստ նախագծի՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել էին փոփոխություններ՝ հիմք ընդունելով մի շարք գիտական և կրթական հաստատությունների առաջարկները:

2020 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության նիստում օրենսդրական փաթեթի հաստատումից հետո մի շարք գիտական և կրթական կառույցներ դեմ արտահայտվեցին նախագծին և պահանջեցին անհապաղ ետ կանչել նախագիծը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր հայտարարության մեջ պահանջել էր անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ բարձրագույն կրթության և գիտության զարգացումն ապահովող հայեցակարգային դրույթների և օրենքների նախագծերի մշակման համար:

Նույն պահանջը ներկայացված էր ԵՊԲՀ գիտական խորհրդի, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմի, գիտաշխատողների և ուսանողների հայտարարության մեջ, Երևանի պետական համալսարանի դեկանների ու ստորաբաժանումների ղեկավարների տարածած հայտարարության մեջ:

Նախագծի վերաբերյալ իր դիրքորոշւմն էր հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ մասնավորապես նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ:  

Այսօր ԱԺ քննարկումներում բանախոսները հավաստիացրին, որ քննարկումների արդյունքում ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվել են էական փոփոխություններ. կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով: Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ: