կարևոր
1987 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-23 18:19

Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը․ ամերիկացի քաղաքագետ

Նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել 1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ոճրագործությունները որպես Ցեղասպանություն։ Ջո Բայդենն այսպիսով կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը․ այս մասին հայտնել է ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group խորհրդատվական ընկերության նախագահ Յան Բրեմերը։

«Այժմ Թուրքիայի համար շատ բաներ սխալ են ընթանում: Երկիրը դուրս եկավ Ստամբուլի կոնվենցիայից: Այնուհետ Էրդողանը ազատեց Կենտրոնական բանկի նոր նշանակված կառավարչին. երկու տարվա ընթացքում կենտրոնական բանկի չորս ղեկավար է փոխվել: Տնտեսությունը լավ վիճակում չէ: Թուրքական լիրան ջախջախվում է: Էրդողանի ներքին ժողովրդականությունը թուլանում է: Ճնշումներ է գործադրում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանդեպ:

Բայց ամենից մեծ նորությունն այն է, որ Էրդողանը կանգնած է ԱՄՆ-ից եկող մեկ այլ դիվանագիտական մարտահրավերի առաջ։ Ինչպես լսել եմ Սպիտակ տնից, նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել 1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ոճրագործությունները որպես Ցեղասպանություն։ Բայդենը խոստացել էր այդպես վարվել իր քարոզարշավի ժամանակ։ Փոխնախագահ Քամալա Հարիսը, որը Կալիֆոռնիայից է և որտեղ ճանաչման օգտին մեծ թվով ընտրողներ կան, իրականում Սենատի 2019թ․ բանաձևի համահեղինակ էր։ 

Անցյալ շաբաթ, պատասխանելով շուրջ 38 սենատորների երկկուսակցական նամակին, Սպիտակ տունն արձագանքեց, որ «Վարչակազմը պարտավորվում է խթանել հարգանքը մարդու իրավունքների հանդեպ և ապահովել, որ նման վայրագությունները չկրկնվեն»՝ եզրափակելով հետևյալով. «Դրա կարևոր մասը պատմության ճանաչումն է»: Սպիտակ տան մեկ այլ խորհրդական, անդրադառնալով ապրիլի 24-ին սպասվող հայտարարությանը, Բրեմերին ասել է․ «Բայդենը իր խոսքի տերն է»։

Հիշեցնենք, որ Օրերս հունական ազդեցիկ Kathimerini թերթը հրապարակել էր Սպիտակ տան խոսնակի մեկնաբանությունը, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համոզմամբ՝ կարևոր է ճանաչել պատմությունը՝ կապված Հայոց ցեղասպանության խնդրի հետ: «Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը ոգեկոչեց Օսմանյան կայսրության օրոք իրենց կյանքը կորցրած 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին: Այդ ժամանակ նա ասաց, որ մենք երբեք չպետք է մոռանանք և լռենք այս սարսափելի իրականության մասին», - ասել է խոսնակը ՝ պատասխանելով սենատոր Բոբ Մենենեսի կողմից նախաձեռնած և ևս 37 սենատորների ստորագրած նամակին:

Հավելենք, որ 2020 թվականի ապրիլի 24-ի իր ելույթում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ «ընտրվելու դեպքում ես խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»: