կարևոր
2184 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-23 14:54

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Բելգիայի Հայերի Կոմիտեն Բելգիայի վարչապետին կոչ են անում դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության հովանավորումը

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) և Բելգիայի Հայերի Կոմիտեն (CAB)  Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյին հասցեագրված նամակով կոչ են արել դատապարտել ահաբեկչության ցանկացած պետական հովանավորչություն՝ հիշեցնելով, որ Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը վարձկանների են ներգրավել։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ նամակը Բելգիայի վարչապետին հղվել է ի հիշատակ Բրյուսելում 2016 թ․-ին տեղի ունեցած ահաբեկչությունների 5-րդ տարելիցի:

«5 տարի առաջ այս օրը Բրյուսելի եվրոպական թաղամասի սիրտը, ինչպես նաև Բրյուսելի օդանավակայանը ենթարկվեցին մահացու ահաբեկչական հարձակումների: Այս ողբերգության արդյունքում 32 անմեղ մարդ զոհվեց:Բելգիայի հայ համայնքն իր կարեկցանքն ու համերաշխությունն է հայտնում Բելգիայի կառավարությանը և Բելգիայի քաղաքացիներին, որոնք դարձան այս ողբերգական իրադարձության զոհը՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարելու և այդպիսով ազատ, ժողովրդվավար հասարակությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։
Արցախի բնիկ հայ բնակչությունը նույնպես ահաբեկչության զոհ է դարձել 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի ընթացքում ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման արդյունքում»,- նշված է նամակում։

Նամակը կոչ է անում Բելգիայի կառավարությանը միանշանակորեն դատապարտել ահաբեկչության ցանկացած պետական հովանավորչություն և շեշտում, որ Բելգիայի շահերից չի բխում համագործակցել այնպիսի երկրների հետ, որոնք իրենց աշխարհաքաղաքական շահն առաջ են տանում նման դատապարտելի և կործանարար միջոցներով։