Մարտի 22-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։
Երկուստեք գոհունակություն են հայտնել փոխվստահության և սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծվել է երկու երկրների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման համար:
Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծել են լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և զգալի ներդրումը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:
Կարևորվել է Հայաստանի և Լիբանանի փոխադարձ աջակցությունն ու համագործակցության սերտացումը նաև միջազգային կառույցների շրջանակներում:
Արտգործնախարարներ Այվազյանը և Ուեյբեն հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքներին` առանձնահատուկ մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից վարձկանների և զինյալ ահաբեկիչների ռազմական գործողությունների գոտի տեղափոխման առնչությամբ: