կարևոր
1604 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-22 15:00

Սպիտակ տունը համոզված է, որ պետք է ճանաչել պատմական իրողությունը. խոսնակն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համոզմամբ՝ կարևոր է ճանաչել պատմությունը՝ կապված Հայոց ցեղասպանության խնդրի հետ: Այս մասին հունական ազդեցիկ Kathimerini լրատվականին ի պատասխան ասել է Սպիտակ տան խոսնակը:

«Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը ոգեկոչեց Օսմանյան կայսրության օրոք իրենց կյանքը կորցրած 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին: Այդ ժամանակ նա ասաց, որ մենք երբեք չպետք է մոռանանք և լռենք այս սարսափելի իրականության մասին», - ասել է խոսնակը ՝ պատասխանելով սենատոր Բոբ Մենենեսի կողմից նախաձեռնած և ևս 37 սենատորների ստորագրած նամակին: 

Անցյալ շաբաթ ԱՄՆ 23 նահանգի 37 սենատոր միացել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հեղինակած նամակին, որով  կոչ է արվում նախագահ Բայդենին լիարժեքորեն և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը.

«Մենք այսօր գրում ենք Ձեզ՝ խստորեն հորդորելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության ճշմարտությունը: Նախկինում Դուք ճանաչել եք Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, այդ թվում `Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձեր հայտարարության մեջ` 2020 քարոզարշավի ընթացքում: Մենք Ձեզ կոչ ենք անում այժմ նույնկերպ վարվել որպես Նախագահ՝ հավաստիացնելու, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի եղելությունը»,- ասված է ԱՄՆ նախագահին ուղղված նամակում:

Հավելենք, որ 2020 թվականի ապրիլի 24-ի իր ելույթում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ «ընտրվելու դեպքում ես խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»: