կարևոր
319 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-22 11:56

Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները. ՀՀ ԱԳՆ-ի անդրադարձը The Human Rights Watch-ի զեկույցին

Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները. ՀՀ ԱԳՆ-ի անդրադարձը The Human Rights Watch-ի զեկույցին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է հայ գերիների մասին «The Human Rights Watch»-ի զեկույցը:

««The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։

Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։

Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»։

Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս: Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է. «Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում և խոշտանգումները նողկալի են և համարվում են պատերազմական հանցագործություն»: Նա ընդգծել է, որ նմանօրինակ պատերազմական հանցանքները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն: Կազմակերպությունը զրուցել է նաև 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց և այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները։ Նրանք բոլորը պատմել են երկար և պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին: Նրանցից մեկը հայտնել էր, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել էր իրենց էլեկտրահարելու դեպքերի մասին, իսկ մեկ այլ նախկին ռազմագերի տեղեկացրել էր, որ անընդհատ վառվող ծխախոտով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել: