կարևոր
2003 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-22 09:45

Ըստ կառավարության հայտարարության՝ Արտակ Դավթյանն այսօրվանից իրավունքի ուժով ԳՇ պետ է

Ըստ կառավարության հայտարարության՝ Արտակ Դավթյանն այսօրվանից իրավունքի ուժով ԳՇ պետ է

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արտակ Դավթյանի՝ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։

Հայտարարությունը՝ ստորև․

«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

2021 թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն էլ դիմել էր վարչական դատարան: Դատարանը ձեռնարկել էր հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում, այն է` մինչեւ այս գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, անվավեր ճանաչել Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկությունը: 

Նշենք նաեւ, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետը էր նշանակվել 2018թ. մայիսի 24-ից եւ ազատվել էր 2020-ի հունիսի 8-ին: