Այսօր Երևանի Պետական Բժշկական Համալսարանում տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Հայկական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո։ Պատերազմի առաջին իսկ օրերին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իր ընկերների հետ ՀՅԴ կամավորական ջոկատի կազմում մեկնեց առաջնագիծ։ Զոհվեց հոկտեմբերի 31-ին։
Կիմի մայրը՝ Նարինե Միքայելյանը իր խոսքում, վերհիշեց, դեռ նոր տառաճանանչ դարձած, Կիմի խոստումը. «Եթե մի օր որոշենք Մասիս սարը հետ բերել, ես կմիանամ մեր զինվորներին»: Կիմը հավատարիմ մնաց իր խոստմանը, կյանքը չխնայելով հանուն հայրենիքի։
Մեր խոստումն է հավատարիմ մնալ՝ Կիմին և նրա գաղափարին։
«Կիմին հայրենասիրությունը փոխանցվել է ոչ թե դաստիարակության, այլ գենի միջոցով: Նա առանց վայրկյան մտածելու կամավորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին՝ «ով, եթե ոչ ես» խոսքերը շուրթերին»,- ասել է հերոսի մայրը՝ Նարինե Միքայելյանը, շեշտելով, որ որդին զինվորագրվել և պատերազմ է գնացել դրոշները ձեռքին ծածանելով, ավա՛ղ, ափսո՛ս, վերադառնալով դրոշն իր վրա կրելով՝ միացել է հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ անմահացած հերացիականները հայրենասիրության, մարդասիրության և գթասրտության օրինակ են: Նրանք բժշկի այն կերպարներն են, որոնք պատրաստ են մարտի դաշտում պաշտպանել հայրենիքն ու ազգի արժանապատվությունը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալ ամենամարդասիրական մասնագիտությանը՝ բժշկի կոչմանը:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի բնորոշմամբ՝ դասախոսների և ընկերների կողմից սիրված Կիմը հայրենասիրության իրական կերպար էր: Նա ռազմաճակատ մեկնեց հայրենիքի նկատմամբ պարտքի մղումով: «Բոլորս խոնարհվում ենք անմահացած հերոսի հիշատակի և ընտանիքի առաջ»,-նշել է դեկանը:
Շնորհալի, կյանքում ազգային արժեքներով ու ավանդույթներով առաջնորդվող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17 ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։
Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, Կիմը հրապարակել էր ուսուցչի հետ իր լուսանկարը և գրել. «Ուսուցչի օրը... Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»: Իսկ ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ բանաստեղծությունը.
Բախտը մեկն է զինվորի` Կամ մահ, կամ ազատություն։
Կիմ Խաչատրյանի հիշտակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում ամփոփվել են նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից հերոսի պատվին անցկացվող զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության միջֆակուլտետային մրցույթների արդյունքները, որին մասնակցելու համար դիմել էին մեծ թվով ապագա բժիշկներ: Մասնակիցները ստացել են պատվոգրեր, իսկ հաղթողներն՝ արժանացել մրցանակների: