կարևոր
1315 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-19 15:28

Մեզ հավատ չի ներշնչում, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ․ Իշխան Սաղաթելյան

Մեզ հավատ չի ներշնչում, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ․ Իշխան Սաղաթելյան

«Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դեռևս փաստ չէ, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ»,-  Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի վարչապետը երկու անգամ տա հրաժարական, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի  խորհրդարանը, Հանրապետության նախագահը նշանակի ընտրություններ:

«Այսինքն, Փաշինյանի այն ֆեյսբուքյան ստատուսը, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ և դա վերջնական է, դա մեզ մոտ հավատ չի ներշնչում։ Այս ժամանակահատվածում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, շատ արագ հրաժարվել են, պատերազմի ընթացքում 44 օր ստով և կեղծիքով կերակրել են մեզ․․․ մենք ունենք բավարար բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երկրորդը, նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը։ Բայց, եթե նույնիսկ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, դա կբավարարի Հայրենիքի փրկության շարժման պահանջների ընդամենը մի մասին։

«Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս  գալու համար, բայց  արտահերթ խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, իր՝ ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում, կբերի մեծ վտանգի, որ դա չի լինի մրցակցային, հավասար պայմաններով, կլինի մեծ հնարավորություն, որ այդ ընտրությունները կեղծվեն, և իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ նոր ճգնաժամի սկիզբ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հետևաբար, Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ, արդյունավետ ճանապարհային քարտեզն այն է, ինչ մենք մինչև հիմա առաջարկել ենք՝ նշեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրենց բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են,  hնարավոր է մարտավարության փոփոխություն, բայց խոսել այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, որն, ըստ էության, գոյություն չունի, կա ընդամենը մի հայտարարություն, անիմաստ են համարում մտնել այդ օրակարգի մեջ: Նա նշեց, որ ընտրությունների մասին հայտարարությունը Շարժման, մեր հայրենակիցների այս ընթացքում իրականացրած աշխատանքի, ճնշման արդյունք է:

«Այսինքն այս իմասով սա ինչ-որ տեղ ձեռքբերում է, քանի որ ցանկացած իշխանություն, եթե իր վիճակը լավ է, ունի լեգիտիմություն, չի գնա  արտահերթ խորհրդարանական ընտրության: Այս իմաստով սա ձեռքբերում է, բայց բավարար պայման չէ երկրում ստեղծված  ճգնաժամը հաղթահարելու համար: Իսկ ինչո՞ւ է փորձում հայտարարել այդ մասին  և վտանգ կա, որ չանի: Մենք ունենք այդ փորձառությունը: Ես չունեմ որևէ հիմք հավատալու Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության»,- ասաց Ի. Սաղաթելյանը:

Նա նշեց, որ եթե հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած հատվածում պետք է հրաժարական տա. «Մոտ 40-50 օր առջևում կա: Եթե իրենք անկեղծ էին, մենք ասել էինք՝ թող հենց վաղը գար, հրաժարական տար, ինչո՞ւ համար է այդ ժամանակահատվածը:

Երկրորդ՝ մի քանի անգամ Շարժումը մեծ թափ է հավաքել, հանդես են եկել խորհրդարանական  ընտրություններ կազմակերպելու  համար, որոշ քաղաքական ուժեր, կուսակցություններ, հասարակությունը իմանալով, որ տեղի է ունենալու ընտրություն, ինչ որ կերպ շարժման թափը մարել է, հետո ասել են՝ չկա հասարակական պահանջ ընտրություն կազմակերպելու համար:

Այսինքն մենք ունենք բոլոր հիմքերը կասկածելու իրենց անկեղծության վրա: Բայց հարցը դա չէ, հարցն այն է, որ իր գլխավորությամբ կազմակերպված  ընտրությոնները չեն կարող լինել մրցակցային, հավասար պայմաններում, դառնան նոր ճգնաժամի պատճառ: Մեծ վտանգ կա, որ այդ ընտրությունները չեն ունենալու հանրային մեծ վստահություն»,- ասաց Հայրենիքի փրկության շարժման  համակարգողը:

Հարցին՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա ո՞վ, Ի. Սաղաթելյանը պատասխանեց. «Մարդ, որն այդ ընտրություններին  չի ունենալու անձնական շահագրգռվածություն: Իհարկե, խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է,  բայց եթե կա այլ թեկնածու, որը կարող է լինել չեզոք, կարող ենք քննարկել: Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանի նպատակը երբեք չի եղել վարչապետ լինելը, ինքն իրեն չի առաջադրել, մենք ենք  խնդրել Վազգեն Մանուկյանին իբրև մեծ կենսագրություն, փորձառու քաղաքական գործիչ ընդառաջել մեր պահանջին:  Մենք պնդում ենք, որ հարմար թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Եթե լինի քննարկումներ, կարող ենք քննարկել: Ամենակարևորն այստեղ սկզբունքն է՝ ընտրությունները կազմակերպող անձը չպետք է ինքը և իր կուսակցությունը մասնակցեն այդ ընտրություններին»: