կարևոր
3064 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-19 19:04

Շարժվի՛ր, հայ ժողովուրդ, դու որոշած ես չի չքանալ այս աշխարհեն, վահանովդ՝ կամ վահանի վրա, այժմ կամ երբեք. այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգիի սենյակը եւ խոսեցեք ձեր խղճի հետ եւ ըսեք, արդյոք աշխատե՞ր եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տվե՞ր էք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Նիկոլ Աղբալյան

«Շարժվի՛ր, հայ ժողովուրդ, դու որոշած ես չի չքանալ այս աշխարհեն, դիմիր դեպի քու փառքդ ու անկումդ որոշող մարտադաշտը, բայց այս անգամ՝ ՎԱՀԱՆՈՎԴ՝ ԿԱՄ ՎԱՀԱՆԻԴ ՎՐԱ»: Իր այս կոչն իրականություն դարձրած, կորսված պետականությունը վերականգնած, Առաջին Հանրապետության հիմնադիր, Ներիքն գործերի նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրն է այսօր:

Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ 

142 տարի առաջ, 1879 թ. մարտի 19-ին է (Զեյվա, այժմ` Սյունիքի մարզ, գուղ Դավիթ Բեկ կամ պատմաբան Արմեն Ասրյանի տվյալներով Արցախի Շուշի) ծնվել ազգային ու պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը:

Անգնահատելի է Արամ Մանուկյանի գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին՝ հատկապես Վանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում. 1915 թ. գարնանը նրա գլխավորությամբ տեղի հայկական կուսակցությունները, հաշվի առնելով ստեղծված օրհասական իրավիճակը, ժողով գումարեցին ու որոշեցին դիմել ինքնապաշտպանության՝ անխուսափելի բնաջնջումից փրկելով իրենց հայրենակիցներին: Վանի ինքնապաշտպանության մարմնի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արմենակ Եկարյանը, Գաբրիել Սեմիրջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը (Կյոզյան), Հրանտ Գալիկյանը, Փանոս Թերլեմեզյանը: Վանի ինքնապաշտպանությունը պսակվեց հաղթանակով, թուրքերը փախուստի դիմեցին, Վանը ազատագրվեց, Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ: Հետագայում, Վանի անկումից հետո, Արամ Մանուկյանը կազմակերպեց տեղի հազարավոր հայերի գաղթը Արևելյան Հայաստան:

Վանից հարկադրաբար հեռանալով՝ Արամ Մանուկյանը մինչև 1917 թ. դեկտեմբերը հաստատվեց Թիֆլիսում և ակտիվորեն մասնակցեց Կովկասում ընթացող ագգային-քաղաքական կյանքին: Նրա գործունեության աշխարհագրական սահմանները լայն էին՝ Թիֆլիս, Բաքու, Երևան, Պետրոգրադ: 1915 թ.-ից հետո Արամ Մանուկյանի գործունեությունը հիմնականում առնչվում էր արևմտահայության ճակատագրին: Արևելյան Հայաստանում և Ռուսաստանի այլ շրջաններում ապաստանած հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականների գոյության ապահովումն անհետաձգելի խնդիր էր. կացարան, սնունդ, բժշկական օգնություն, հագուստ և կենսական այլ հրատապ խնդիրներ:

Արամ Մանուկյանը 1915-1917 թթ. ակտիվ մասնակցություն ունեցավ Կովկասում քաղաքական զարգացումներին՝ արժանանալով ինչպես արևելահայ ղեկավար մարմինների վստահությանը, այնպես էլ հայ ժողովրդի հարգանքին:

1917թ. որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ ժամանեց Երևան: Տեղում ծանոթանալով ստեղծված ծանր պայմաններին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկեց իրադրությունը կայունացնելու համար, գլխավորեց նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որը նրան օժտել էր լայն լիազորություններով: 1918թ. մարտի սկզբին Երեւանում մի խումբ զինվորականներ որոշում են, որ պարտությունները կանգնեցնելու եւ իրադրությունը փրկելու համար անհրաժեշտ է դիկտատոր ընտրել, եւ ամառային ակումբում զինվորական ժողով են հրավիրում։ Այնտեղ սպաներից մեկն ասում է. «Այսպիսի միմյանց չհասկացող ու միմյանց հակասող իշխանությունները չեն կարող երկիրը փրկել անկումից։ Հարկավոր է ունենալ մեկ դիկտատոր, որին պիտի ենթարկվեն բոլոր տեսակի իշխանությունները»։ Ելույթ են ունենում նաեւ այլ մասնակիցներ եւ առաջարկում տարբեր զինվորականների թեկնածությունը՝ Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի եւ այլն։ Այնուհետեւ ելույթ է ունենում Երեւանի պարետ Շահխաթունին.

«Այս ծանր պայմաններում պիտի ընտրել մեկին, որը ունենա լայն ժողովրդականություն, ուժեղ կամք, վճռականություն եւ երկրի դրությունն ըմբռնող մի անձնավորություն։ Այդպիսի մարդ կարող է լինել եւ ոչ զինվորական։ Այդպիսի մի անձնավորություն ես ճանաչում եմ հանձին Արամ փաշայի, որի վրա պետք է դնենք այդ ծանր պարտականությունը եւ որը կարող է արդարացնել մեր հույսերը։ ...Արամ փաշան է մեր դիկտատորը. գնանք դեպի նա եւ այս ծանր լուծը դնենք նրա շլինքին: Կեցցե Արամ փաշան»:

Անիշխանության, ավելի ճիշտ՝ բազմաթիվ իշխանությունների առկայության պայմաններում անհրաժեշտ էր Երեւանի նահանգում ստեղծել միասնական գործադիր իշխանություն, որն իր վրա կվերցներ կարգուկանոն հաստատելու պատասխանատվությունը, կունենար վճռականություն, կվայելեր ժողովրդի վստահությունը եւ կկարողանար կասեցնել թուրքական զորքերի մահաբեր առաջխաղացումը։ Այդ իշխանությունը Երեւանի Ազգային խորհուրդն էր, որի գլխավոր դերակատարը Արամ Մանուկյանն էր։ Արամ Մանուկյանը, հետևողական ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ կարողացավ կարճ ժամանակում ստեղծել պետական իշխանության մարմիններ, կանոնավոր հայկական զորք, երկրում հաստատեց կարգուկանոն, ճնշեց թուրք-թաթարական հակահայկական շարժումները, մեղմեց պարենային ծանր դրությունը:

Հատկապես բնութագրող է Արամ Մանուկյանի վճռական կեցվածքը 1918 թ. մայիսյան ճակատագրական ու ծանր օրերին, երբ թուրքական զորքերը սպառնում էին Սուրբ Էջմիածնին ու Երևանին, երբ կար հայ ժողովրդի լինել-չլինելու իրավիճակ: Նա մնաց անդրդվելի ու գործնական, կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչներին ու ժողովրդին, նրանց մեջ բորբոքեց պայքարելու կամք:

1918 թ. մայիսի 19-ին Արամ Մանուկյանը գեներալ Մ. Սիլիկյանի հետ ունեցած հեռախոսազրույցում անընդունելի էր համարում հետագա նահանջը և վստահեցնում, որ Արարատյան դաշտում թշնամուն հակահարված տալու համար երկու օրվա ընթացքում գեներալին կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ՝ մարդկային ուժ, զենք-զինամթերք և թիկունքի ոգևորությունը: Նա ամենուր էր՝ հրապարակներում, շուկայում, տներում, եկեղեցիներում, և ոգևորում էր բոլորին: Արդյունքում հայ ժողովուրդն ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ էլ 1918 թ. մայիսի 28-ին հիմնադրվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետության նորաստեղծ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները:

Արամ Մանուկյանը մահացավ 1919 թ. հունվարի 29-ին բծավոր տիֆից՝ մինչև վերջ վայելելով հայ ժողովրդի սերն ու հարգանքը:

Արամ Մանուկյանն իր նախաձեռնություններում անձնական շահախնդրություն երբեք չի հետապնդել։ Նա ապրել է հասարակ երևանցու նման։ Նա ամենօրյա անմիջական շփումների մեջ է եղել  իր ժողովրդի հետ։ Իրատես ու շրջահայաց, նպատակասլաց ու հետևողական, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք և իր ժողովրդի ճակատագրի հանդեպ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործիչը հայ քաղաքական գործիչների փաղանգում  առաջիններից էր, որ հասկացավ` հայն իր պայքարում պետք է հույսը դնի բացառապես իր ուժերի, ազգային ինքնակազմակերպման վրա:

Որպես նախարար էլ Արամ Մանուկյանը ժողովրդի սիրելին էր: Նա զուսպ ու համեստ, անմռունչ կրել է սեփական ժողովրդի ցավերն ու դժվարությունները, հրաժարվել է բոլոր արտոնություններից, որոնցից կառավարության անդամները կարող էին օգտվել: Հրաժարվել է նաև ծառայողական ավտոմեքենայից: Դեռևս Վանում, երբ նրան այցելում է ընկերը` ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, զարմանում է նրա կենցաղավարության վրա: Հետագայում Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է. «…Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»:  Ժամանակակիցները պատմում են, որ նույնքան անշուք է եղել նաև Արամ Մանուկյանի Երևանի բնակարանը: Երբ ընկերներն այդ մասին դիտողություն են արել, նա պատասխանել է` «Դատարկ բաներով մի՛ մտահոգվեք»: