ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Այս մասին ասված է Սահմանադրական դատարանի այսօր հրապարակված որոշման մեջ: Դատարանը հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանդրական օրենքի 9-րդ հոդվածի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով որոշումը:
ՍԴ-ն որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածը (ողջամիտ ժամկետում գործի քննությունը և լուծումը) համապատասխանում է Սահմանադրությանը:
Գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. «Վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումների պայմաններում ապահովվա՞ծ է արդյոք արդար դատաքննության հիմնական իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կենսագործմանն ուղղված անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայությունը»:
2019թ.-ի դեկտեմբերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Սա իր հերթին հանգեցնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների անհարկի սահմանափակման:
Այնուհանդերձ, քննելով դիմումը՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վիճարկվող Օրենսգրքի 9-րդ հոդվածն ինքնին սահմանադրականության առումով խնդրահարույց չէ, սակայն օրենսդրի խնդիրն է, արձագանքելով սույն որոշմամբ մատնանշված խնդիրներին, նախատեսել այնպիսի ընթացակարգեր, որոնք առավել արդյունավետ կերպով կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի իրացումը և պաշտպանությունը։