կարևոր
1740 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-18 16:47

Երկրի սահմանադրական կարգը հերթական անգամ տապալված է. Էդգար Ղազարյան

Խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովի արտահերթ ընտրության անհրաժեշտության և ժամկետի մասին հայտարարում է կառավարության ղեկավարը։ Ավելի մեծ խայտառակություն դժվար է պատկերացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Սա նշանակում է, որ մեր երկրի սահմանադրական կարգը հերթական անգամ տապալված է։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տալիս (կամ նա պաշտոնանկ է արվում, կամ նրան անվստահություն է հայտնվում), որից հետո Ազգային ժողովը երկու անգամ չի կարողանում ընտրել վարչապետ։ Դեռևս վարչապետը հրաժարական չի տվել (նրան անվստահություն չի հայտնվել), խորհրդարանում վարչապետի թեկնածուներ չեն առաջադրվել, վարչապետի ընտրություն չի կազմակերպվել, դա չի կատարվել երկրորդ անգամ, բայց այսօր վարչապետի կողմից հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման կոնկրետ օրվա մասին։

Հատկանշական է նաև, որ այդ հայտարարությունն արվում է երկրում պաշտոնապես հայտարարված ռազմական դրությամբ պայմաններում, երբ, համաձայն ՀՀ Սահմանադրության, արգելվում են բոլոր տեսակի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումը։

Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի դեկտեմբերին կազմակերպված նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նույնպես որոշել է գործադիր իշխանության ղեկավարը, միանձնյա՝ Երևանի ավագանու ընտրությունների իր համար գոհացուցիչ արդյունքների մասին տեղեկանալուց հետո, չնայած, որ նախապես հայտարարվել էր ընտրությունները 2019 թվականի մայիս կամ հունիս ամիսների կազմակերպելու մասին։

Հավանաբար, վարչապետն առաջիկա օրերին կհայտարարի նաև, թե ով կարող է մասնակցել ընտրություններին, որ կուսակցությունը կամ դաշինքները քանի տոկոս քվեներ պետք է ստանան և նրանց ներկայացրած ցուցակներից, ովքեր պետք է ընտրվեն ԱԺ պատգամավոր և այդպես շարունակ։

Հայաստանի Հանրապետություն, որպես իրավական, ժողովրդավարական պետություն այլևս գոյություն չունի։

Մենք պետք է մտածենք մեր երկիրը նորովի կառուցելու մասին», - գրել է Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20-ին։