կարևոր
1158 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-18 16:23

Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը. Արդարադատության նախարար

Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը. Արդարադատության նախարար

Այսօր ԱԺ-ում կայացած պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ իրավապահ մարմինների և մասնավորապես ՀՔԾ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել ՀՔԾ-ն:

Նիստում քննարկվում էր «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, որը դեռևս հունվարին 84 կողմ, 16  դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է: Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը  վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն: 

ՀՔԾ-ի լուծարումից հետո պաշտոնատար անձանց վերաբերյալ քննությունները կատարվելու են ԱԱԾ քննչական դեպարտամենտում: Մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և համապատասխան պաշտոններում նշանակումը ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ: 

ԱԺ-ում կայացած պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագծերի լրամշակված փաթեթը ԱԺ երկրորդ ընթերցմամբ հաստատելու մասին որոշումը: