կարևոր
2438 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-18 15:30

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համաձայնել են հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելուն

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է։ Նա գրում է.

«Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։ Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է»։ 

Իր հերթին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրել է.

«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը: Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»։