Դատարանի որոշմամբ` Օնիկ Գասպարյանը շարունակում է Գլխավոր շտաբի պետ մնալ: ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ:
Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել գործատուի կողմից՝ վարչապետի աշխատակազմից: Իսկ Հայցադիմումի հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցը պաշտոնատար անձանց կողմից չկատարելը կամ խախտելը, այդ թվում՝ նոր ԳՇ պետ նշանակելը, առաջացնելու է ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) նախատեսված պատասխանատվություն
Փաստաբան, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ երեք հայցադիմում էր ներկայացվել վարչական դատարան: Առաջին հայցը բավարարվել է: Մյուս հայցով, Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին` ԳՇ պետին պաշտոնից ազատելու, եւ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում: 3-րդով խնդրել են դատարանին` ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Վարույթ էր ընդունվել 3-րդ հայցը:
Օնիկ Գասպարյանի պաշտպանը հուսով է, որ եթե կա նույնիսկ որեւիցե ճնշում, ապա դատավորն այդ ճնշումներին կդիմակայի ու անշահախնդիր կկայացնի հիմնավորված, պատճառաբանված դատական ակտ: