կարևոր
1025 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-17 19:28

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

Մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսին։ Նախարար Այվազյանը շնորհավորելով իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ է մաղթել այդ կարևոր առաքելությունում:

Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը։  Այս առնչությանբ առանձնահատուկ ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ 

Նախարարներ Այվազյանը և Լիիմեթսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ։ Այդ առումով զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը և արդյունավետ կիրարկումը: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ ՀԳԸՀ-ն լավ գործիք է Հայաստանում ժողովրդավարական, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների իրականացման համար։

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: