կարևոր
2228 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-17 18:28

52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմնադրամին՝ վերադարձնելու պայմանով. Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյան

52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմնադրամին՝ վերադարձնելու պայմանով. Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարությամբ դիմել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին. 

«Ս.թ. մարտի 15-ին Արցախում ինտերնետի խնդիրներով պայմանավորված տեխնիկական պատճառներով չեմ կարողացել լիարժեք մասնակցել Հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և արտահայտել իմ տեսակետը օրակարգի թիվ մեկ հարցի վերաբերյալ:

Սույնով ուզում եմ հաստատել, որ հաշվի առնելով Հիմնադրամի հաշվետվության շուրջ ստեղծված բարդությունները և ելնելով կառույցի հեղինակությունը անհարկի շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, միանում եմ պրն. Ռ. Քոչարյանի այն տեսակետին, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, և որ «Հայաստան» հիմնադրամն, իր հերթին, պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա։

Ա. Ղուկասյան
17.03.21
Ստեփանակերտ»։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին կայացած «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հոգաբաձուների խորհրդի նիստից հետո հոգաբարձուների խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաղորդագրություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության վերաբերյալ և  մասնավորապես նշել․

«Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները»։

ՀՀ երկրորդ նախագահը այս իրավիճակից միակ ճիշտ ելքի համար առաջարել է «այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»։