Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:
Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- գրել է Քոչարյանը:
Արմեն Իսագուլովը ծնվել է 1945թ. դեկտեմբերի 31-ին Բաքու քաղաքում: 1969թ. ավարտել է Բաքվի պետական համալսարանը: 1988-1991թթ.՝ աշխատել է ՀԽՍՀ ՆԳՆ համակարգում, 1991–1995թթ.-ին և 2001թ.-ից եղել է ԼՂՀ ՆԳ նախարար:
1993թ.-ից ՀՀ ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ:
1995-1999 թթ.-ին եղել է ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչ ՌԴ-ում: 1993–1994-ին մասնակցել է Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանի ազատագրական մարտերին, ՆԳՆ համակարգի ստորաբաժանումների գործունեության համակարգման, կամավորական ջոկատների կազմավորման, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին:
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: