կարևոր
389 դիտում, 1 ամիս առաջ - 2021-03-17 13:47

Ռազմագերիները պետք վերադարձվեն. Լաքոտը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին

Ռազմագերիները պետք վերադարձվեն. Լաքոտը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: Այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով:

«Երբ խոսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակցություններ ապահովող կառույցի հետ, որը պատրաստ է միջնորդել և օգնել երկու կողմին էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշեց նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարարը (որպես ԵԱՀԿ գործող նախագահ-հեղ.)՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:

Մինչև այսօր Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Մարտի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հայտնել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերու վերաբերյալ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց: