կարևոր
1709 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-17 12:52

ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են Բաքվին ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են Բաքվին ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ կոնգրեսականները Ներկայացուցչների պալատ են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց: Հեղինակը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբն է:

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի փոխանցմամբ՝ նախագծին արդեն շուրջ 30 կոնգրեսական է աջակցություն հայտնել: Դրանում նշվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գերիներին, ու չնայած Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերությունը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը նշել է, որ Արցախում պատերազմի ավարտից ավելի քան 100 օր անց 200 հայ զինծառայող եւ քաղաքացիական անձ շարունակում է գերության մեջ մնալ Ադրբեջանում ու նրանց վիճակի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Շիֆը սա անընդունելի է համարել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական բոլոր խողովակներով պետք է ապահովի հայ գերիների անվտանգ վերադարձը ու ստիպի Ադրբեջանին պատասխանատվություն կրել մարդու իրավունքները շարունակ խախտելու համար: